Thursday, August 6, 2009

Թուրքիան տարածաշրջանում չպետք է գրավի «առաջին ջութակի դերը»

«Թուրքիայի և Հայաստանի փոխհարաբերություններում կա էական առաջընթաց. թշնամանքի մթնոլորտից դուրս ենք եկել երկխոսության մթնոլորտ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՄԱԿ (Միացյալ աշխատանքային կուսակցություն) ղեկավար Գուրգեն Արսենյանը:Այդ մասին գրում է ԱՅՍՕՐ Սակայն, նրա կարծիքով, Հայաստանի հասարակության մեջ գերիշխում են ազգայնական մոտիվները և հասարակությանը` պատրաստ լինելու համար ժամանակ է հարկավոր: Գ. Արսենյանի համոզմամբ, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը բխում է ՀՀ պետության և քաղաքացիների շահերից: ՀՀ կառավարության նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, պետք է թույլ չտալ, որպեսզի Թուրքիան տարածաշրջանում գրավի «առաջին ջութակի դերը», իսկ Հայաստանի նախագահը պետք է գնա Թուրքիա` անկախ սահմանի բացումից: Բագրատյանի խոսքով, մեր կողմից կոպիտ սխալ էր Ցեղասպանության հարցերում «խրվելը»: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը Թուրքիա գնա-չգնա` հարց չի լուծվելու, սակայն այդ մանր հարցերը տասնամյակների ընթացքում դառնում են գործոն: Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցում, տնտեսական տեսակետից, երկու բանախոսներն էլ համամիտ էին, որ Հայաստանի համար անմիջական առևտուր անելու հսկայական հնարավորություն է ստեղծվում: «Հայաստանի ցանկացած տնտեսվարող, ունենալով բաց սահման և ունենալով տնտեսական ազատ գործունեության հնարավորություն, 80մլն-ոց սպառողների շուկայում թեկուզ մի աննշախ խորշ զբաղեցնելով, կկարողանա եռապատկել իր արտադրական կարողությունները», - ասաց Գ. Արսենյանը: Որոշ խոշոր գործարարների արտահայտած դժգոհությունների առթիվ, թե թուրքական ապրանքը կողողի հայկական շուկան և տեղական արտադրողը կտուժի, բանախոսները նույնպես միակարծիք պատասխանեցին, որ դա զուտ օլիգարխների խնդիրն է, որոնց բիզնեսը, «չգիտես ինչու», չի հարկվում, իսկ 3.5մլն հայ հասարակությունը կծաղկի: «Թուրքիայի հետ սահմանի բացումը նշանակում է մենաշնորհների վերացում, գոնե մասնակի», - նշեց Հ. Բագրատյանը:

No comments: