Saturday, September 5, 2009

Թուրքիայում 18-ամյա աղջկան սպանողը հանձնվում է ոստիկանությանը՝ Հայաստանո՞ւմ

News.am- 3-9-2009-Թուրքիայում մեծ աղմուկ հանած եւ մշտապես թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում հայտնված 18-ամյա Մունեվեր Քարաբուլութի սպանության մեջ մեղադրվող Ջեմ Գարիփօղլուն սեպտեմբերի 25-ին Հայաստանում կհանձնվի ոստիկանությանը։ Այս անսպասելի հայտարարությունը հայտնվել է թուրքական Timeturk կայքէջում։ Այս տարվա մարտին Ստամբուլի թաղամասերից մեկի աղբամանում հայտնաբերվել էր 18-ամյա Մունեւեր Քարաբուլութի դին։ Սպանության մեջ կասկածվում է նրա ընկերը, ում հետ արդեն երեք ամիս ընկերություն էր անում Մունեւեր Քարաբուլութը։ Նրա ընկերը Թուրքիայում հայտնի գործարարի 18-ամյա որդին է, որի անունն է Ջեմ Գարիփօղլու։ Սպանությունից հետո ոստիկանությունը խուզարկում է Գարիփօղլուի շքեղ եռահարկ առանձնատունը, որտեղ անզեն աչքով իսկ երեում էին սպանության հետքերը։ Հայտնի է, որ սպանությունից հետո Ջեմ Գարիփօղլուն զանգում է հորը եւ շտապ տուն կանչում։ Այնուհետ նա փախուստի է դիմում։ Թուրքական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Ջեմը գտնվում է Ռուսաստանում։ Իսկ, ահա, պարզ է դառնում, որ սպանված Մունեւեր Քարաբուլութի ընտանիքը եւ Ջեմ Գարիփօղլուի ընտանիքը միջնորդի օգնությամբ հաշտության են եկել, որի արդյունքում նրանց հաշտարար Ջեմիլ Բարանը հայտարարել է, որ Ջեմ Գարիփօղլուն սեպտեմբերի 25-ին Հայաստանում կհանձնվի ոստիկանությանը։ Հայտնի է դարձել, որ Ջեմի ընտանիքը, որպես փոխհատուցում, Քարաբուլութի ընտանիքին կվճարի 3 միլիոն եվրո։ Մինչ այս, Ջեմի ծնողները վախենում էին, որ Քարաբուլութի ազգականները կսպանեն Ջեմին եւ հիմա, հաշտեցումից հետո համաձայնեցին իրենց որդուն հանձնել իրավապահներին։

No comments: