/PanARMENIAN.Net/ 02.09.2009 - Օգոստոսի 31-ին հայ-թուրքական հարաբերությունները կարեւոր աստիճանի հասան: Մեկ տարի առաջ փոխհարաբերություններում սկսվեց որակական նոր փուլ, եւ չնայած խոչընդոտներին ու դժվարություններին, Երեւանն ու Անկարան կարողացան քաղաքական կամք դրսեւորել առաջ ընթանալու համար: Այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ողջ աշխարհը ողջունում է այս քայլը: Աշխարհի գերտերությունները կոչ արեցին կողմերին առաջ ընթանալ, հարգել ձեռք բերած պայմանավորվածությունները եւ կատարել դրանք սեղմ ժամկետներում: Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի առաջ ընթանալ, քանի որ այս գործընթացին սատարում է ողջ աշխարհը»,- նշեց Նալբանդյանը:
Միեւնույն ժամանակ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ չնայած այն բանին, որ Երեւանի ու Անկարայի հարաբերությունները կարեւոր աստիճանի են հասել, այնուամենայնիվ, գործընթացը քրտնաջան աշխատանք է պահանջում: «Հայաստանը ցանկանում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, եւ մենք պատրաստ ենք շարունակել այս աշխատանքը ու կատարել ձեռք բերած պայմանավորվածությունները: Սակայն արդյոք կկարողանան կողմերը հարգել այդ պայմանավորվածությունները, ցույց կտա ժամանակը: Ողջ աշխարհը նրանցից այդ է սպասում»,- հայտարարեց ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց, որ Հայաստանի ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ եթե հայ-թուրքական գործընթացում կողմերը համաձայնության գան, ապա դա կհանձնվի հասարակության քննարկմանը: «Մեր ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ Թուրքիայի հետ հավերժ թշնամությունն իր շահերից չի բխում»,- ընդգծեց նախարարը:
Thursday, September 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment