«Լրագիր» 2-9-2009- Վերջին շրջանում, երբ Հայաստանում կամ Հայաստանի հետ կապված որեւէ քիչ թե շատ նշանակալի իրադարձություն է տեղի ունենում, լրագրողները կատակով նկատում են, որ ողջ հեռուստաեթերն ու մամուլի ակումբներն այդ առիթով հեղեղելու են Հանրային խորհրդի անդամ Կարեն Բեքարյանը, նույն խորհրդի մեկ այլ անդամ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը եւ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Եւ իսկապես, այս երեք հարգարժան մարդիկ կարծես ստանձնել են փաստաբանի յուրօրինակ դեր, Հայաստանի իշխանության գործողությունները պաշտպանելով հանրության հնարավոր դժգոհություններից: Մի քանի օր առաջ այս եռյակը մեծ թափով փորձում էր հանրությանը համոզել, որ հնարավոր չէ Հայ Ազգային կոնգրեսի, ՀՅԴ եւ Ժառանգության համագործակցությունը երկրի համար կենսական հարցերում: Ընդ որում, դա արվում էր այնպես, որ հանրությունը համոզվեց հակառակում՝ որ երեք ուժերի հնարավոր համագործակցությունը խիստ անհանգստացրել է Հայաստանի բարձրագույն իշխանությանը, քանի որ եթե չկա միանալու հավանականություն եւ դա անհնար է, ապա ինչու անընդհատ տարփողել այդ մասին, այն էլ այդօրինակ ներքաղաքական հարցերում սովորաբար շատ զգույշ եւ զուսպ հեռուստաեթերում: մանավանդ որ նույն այդ եթերում երբեւէ խոսք էլ չէր եղել այդ մասին:Այդպես էր նաեւ երեկ: Այս եռյակը բառի բուն իմաստով հեղեղել էր ողջ հեռուստաեթերը: Թեման, բնականաբար, հայ-թուրքական արձանագրությունն էր: Եռյակը համոզում էր հայ հասարակությանը, որ ամեն ինչ լավ է, Հայաստանը շահել է, եւ ոչ մի անհանգստացնող բան չկա: Երեքի խոսքի ու կեցվածքի մեջ նկատվում էր մի հետաքրքիր նրբերանգ՝ նրանք կարծես ոչ այնքան մեկնաբանում էին եղածը, այլ խոսում ինչ որ աներեույթ ընդդիմախոսի հետ: Իսկ թե ով է այդ ընդդիմախոսը, դժվար էր հասկանալ: Մնում էր այնպիսի տպավորություն, որ ինչ որ վատ բան է կատարվել, եւ նախահարձակ են լինում՝ փորձելով ծածկել եղածը: Մեծարգո անձնավորությունները գուցե իսկապես մտածում են, որ այն, ինչ կատարվել է, բխում է Հայաստանի շահից եւ հանդիսանում է Հայաստանի դիվանագիտական հաղթանակ: Բայց խնդիրն այն է, որ նրանց խոսքը ոչ այնքան իրենց մտածածի եւ դրա հիմքերի մասին է, որքան այն մասին, որ հասարակությունը ուրիշ բան չմտածի եւ դատի միայն նրանով, որ ընդունվում են արձանագրություններ եւ արձանագրվում են փաստեր: Իսկ թե ինչ արձանագրություններ են, ինչ բովանդակությամբ, ինչպես են ընդունվում, ովքեր են ընդունում: Այդ հարցերի մասին հարգարժան եռյակը գերադասում է չխորանալ, գերադասում է դետալների մեջ խորամուխ չլինել: Մինչդեռ չէ որ դետալներն են, որոնք պետք է ապացուցեն հենց իրենց մտածողության հիմնավորվածությունն ու հերքեն քննադատությունը: Կամ, ինչպես անգլիացիները կասեին, չէ որ “սատանան հենց մանրուքների” մեջ է:Կարեն Բեքարյանը, Ալեքսանդր Իսկանդարյանը եւ Ռուբեն Սաֆրաստյանը կազմում են իշխանական քարոզչության յուրատեսակ “բարձրագույն լիգան”: Երբ նրանք ասում են իրենց հեղինակավոր կարծիքը, գործի է դրվում արդեն ավելի “մանր” “քաղաքագետների”, “վերլուծաբանների”, “մեկնաբանների”, երիտասարդ կարիերիստների երկրորդ էշելոնը, որոնք քրտնամխած կյանքի են կոչում իշխանության առաջադրած եւ եռյակի ներկայացրած “կոնցեպցիան”: Իսկ դրանց էլ հետեւում են արդեն իշխանական կուսակցությունների ներկայացուցիչների եւ լրագրողների սպառնալիքներով ու հայհոյանքներով լեցուն հրապարակումները:Ահա այսպիսի “քարոզչական կոնցեպցիա”: Անհասկանալի է, թե ում է ուղղված այն: Արտաքին ասպարեզում այս ամենը ոչ մեկին հետաքրքիր չէ: Ներսում եւս հետաքրքիր չէ եւ ընդամենը քմծիծաղ է առաջացնում: Մնում է ափսոսալ հատկապես այս եռյակի համար՝ գրագետ, հարգարժան մարդիկ են, ու ստանձնել են մի դեր, որը գուցե սազեր շատերին, բայց ոչ իրենց:
Thursday, September 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment