Sunday, September 6, 2009

ԵԶԻ ՈՒ ԲԱՌԻ ԵՆԹԱՏԱԿԸ

«Լրագիր» 5-9-2009- Հայ-թուրքական արձանագրությունների իշխանական մեկնաբանությունների հեղինակները, որոնք արձանագրությունների հրապարակման օրից փորձում են հանրությանը համոզել, թե փաստաթղթում չկա այս բառը կամ այն բառը, ուրեմն չկա վտանգ եւ կա ձեռքբերում, աստիճանաբար կարծես թե հայտնվում են բավական դժվար վիճակում: Բանն այն է, որ “բառը չկա” պնդումների հեղինակներն իրենք էլ կարծես թե սկսում են համոզվել, որ այդ պնդումներին հասարակությունը շատ քիչ է վստահում ու հավատում: Եվ դա ամենեւին ոչ այն պատճառով, որ դրա հեղինակներին կասկածում է ընդամենն իշխանությանը սպասարկելու համար: Բանն այն է, որ հասարակությունը, երեւի թե ի տարբերություն այդ մարդկանց, վաղուց արդեն հասկացել է, որ միջպետական հարաբերությունների բուն էությունը բառերի մեջ չէ, այլ դրանց տակ: Թերեւս դրա համար էլ արտգործնախարար Էդիկ Նալբանդյանն ասում է, որ պետք չէ եզի տակ հորթ ման գալ, ու չի ասում, թե ասենք պետք չէ բառի տակ որեւէ բան ման գալ: Նա թերեւս գիտե, որ բառի տակ ման գալու դեպքում շատ բան կգտնվի: Դրա համար էլ եզի մասին է խոսում, ոչ թե բառի, կարծես թե խոսքը ֆուտբոլային անասնաբուծության, ոչ թե ֆուտբոլային դիվանագիտության մասին է: Աստիճանաբար հասկանալով, որ հասարակությանը պետք են ոչ թե պնդումներ բառերի բացակայության կամ ներկայության մասին, այլ այդ պնդումների գոնե մի փոքր հիմնավորումներ եւ տրամաբանական բացատրություններ, իշխանական մոտեցումների ջատագովները հայտնվել են այդ հիմնավորումները գտնելու անհրաժեշտության առաջ: Եվ քանի որ դրանք գտնելը բավական բարդ է, որովհետեւ անուղղելի լավատես կամ անդառնալի ծառայող պետք է լինել հայ-թուրքական արձանագրությունների տեքստը հայանպաստ որակելու համար, այդ մարդիկ արդեն կարծես թե փոխել են մարտավարությունը եւ անցել են հայ-թուրքական արձանագրություններն ընդամենը որպես ֆորմալություն ներկայացնելուն: Այսինքն, այնտեղ գրված են բաներ, որոնք ընդամենը գրված են: Օրինակ, իշխանական մոտեցումների հիմնավորման բարդ խնդիրն իր վրա վերցրած մարդկանցից մեկը, հարգարժան քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, խոսելով պատմական հարթութությունների ուսումնասիրությամբ զբաղվելիք ենթահանձնաժողովի մասին, որի վերաբերյալ հստակ դրույթ կա հայ-թուրքական գովական արձանագրություններում, ասում է. “Կարծում եմ՝ դա մի միջոց է Թուրքիայում թուրքական ղեկավարության դեմքը փրկելու համար։ Ինձ համար դժվար է պատկերացնել ֆորմալ կազմակերպություն, որտեղ նման ձևաչափում հայերն ու թուրքերը միասին, այդ թվում նաև՝ այլազգի ներկայացուցիչների հետ կքննարկեն պատմական փաստերը։ Դա գործում է ոչ ֆորմալ։ Այդ իսկ պատճառով ինձ թվում է, որ դա համաձայնության մեջ այնքան էլ լուրջ հարցերից չէ։ Դա ուղղակի փորձ է, որ թուրքերն անցկացնեն այս փաստաթուղթը թուրք հասարակության մեջ”։ Իսկապես, հայ-թուրքական արձանագրության մեջ պատմաբանների ենթահանձնաժողովը ամենալուրջ հարցը չէ: Կան շատ ավելի լուրջ վտանգներ Հայաստանի համար: Խնդիրն այս դեպքում ոչ թե վտանգները գնահատելն է, այլ ուղղակի իշխանական քարոզչամեքենայի վարքագիծը: Ուրեմն, մեկ ասվում է, ընդ որում նույն մարդկանց, այդ թվում եւ Ալեքսանդր Իսկանդարյանի շուրթերով, օրինակ “Ուրվագիծ” հաղորդաշարի թողարկումներից մեկում, թե պետք է առաջնորդվենք փաստաթղթի գրածով, ոչ թե ենթադրություններով, իսկ մեկ էլ հանկարծ երբ առաջանում է փաստաթղթի հայանպաստությունը առարկայորեն հիմնավորելու բարդություն, ասում են, թե օրինակ փաստաթղթում գրված է մի բան, որն ընդամենը ֆորմալ մի խոսք է: Մինչդեռ հստակ է, որ պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծման մասին դրույթը հայ-թուրքական հարաբերության մասին ժամանակացույցի կետերից մեկն է, որը կողմերը պայմանավորվում են կատարել: Պարոնայք, հարկ է կողմնորոշվել. ի վերջո, փաստաթուղթը ձեզ համար առաջնորդող է, թե ձեւական մի բան: Չի կարելի երբ հարկ է, երբ հարակից իրողություններին պատասխանելը բարդ է, հղում անել բացառապես փաստաթղթին, իսկ երբ փաստաթղթի հղումները հիմնավորելն է բարդ, այն դարձնել ձեւական ինչ որ բան: ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: