Tuesday, September 8, 2009

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդը հստակություն է պահանջում հայ–թուրքական կարգավորման հարցում

Tert.am. 7-9-2009- Թուրքիայի «Հանրապետական ժողովրդական» գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը կառավարությունից պահանջել է հստակություն մտցնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման և քրդական հարցի շուրջ նախաձեռնությունների մեջ։ Միևնույն ժամանակ թուրքական ընդդիմադիր կուսակցությունը մեկ անգամ ևս ընդգծել է, որ չի պատրաստվում լինել նման քայլերի մասնակից։ «Մեզ վրա հույս մի դրեք։ Մենք չենք պատրաստվում ուղեկցել ձեզ այդ հարցերում. դուք արդեն ունեք ուղեկցողներ։ Բարի ճանապարհ։ Սակայն ես խորհուրդ եմ տալիս ձեզ հնարավորինս շուտ վերադառնալ այդ ճանապարհորդությունից»,- շեշտել է Բայկալը՝ խոսելով քրդական խնդրի շուրջ։ Ընդդիմադիր կուսակցության առաջնորդը նաև կիսվել է իր նկատառումներով կառավարության կողմից նախաձեռնված հայ-թուրքական հարաբերությունների առաջխաղացման շուրջ։ Ինչպես հաղորդում է Hurriyet-ը, ընդգծելով, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար Արձանագրությունները նախաձեռնվել են ապրիլի 2-ին՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Թուրքիա կատարվելիք այցի նախաշեմին, Բայկալը հետաքրքրվել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլից, թե արդյոք Արձանագրությունների հարցը բարձրացվել է վերջինիս և Օբամայի երկկողմանի հանդիպման ժամանակ։ «Ես պարզապես ուզում եմ հստակություն մտցնել այս ամենի մեջ։ Արձանագրությունները նախաձեռնվել էին ապրիլ ամսին, սակայն դրանց մասին հայտնի դարձավ միայն այժմ...Այդ մասին չի հայտարարվել, սակայն ամերիկացիները սպասում են Արձանագրությունների կնքմանը։ Նախագահը կամ պետք է դրանք հաստատի, կամ հերքի»,- եզրափակել է Դենիզ Բայկալը։

No comments: