Saturday, September 5, 2009

«Իրերը կոչենք իրենց անունով». Մեկնաբանում է «Սիվիլիթաս» հիմնադրամը

Tert.am 4-9-9- ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամի կայքում «Իրերը կոչենք իրենց անունով» հոդված է հրապարակվել, որում անդրադարձ է կատարվում հայ–թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին։ Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ստեղծված ներկա իրավիճակը ճիշտ մեկնաբանելու համար, նշվում է հոդվածում, գնահատականները պետք է կառուցվեն երկու տարբեր տեսությունների վրա: «Առաջինը, որ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանն առանց ղարաբաղյան կարգավորման կամ այդ հարցում առաջընթացի: Այլ կերպ ասած` չի բացի սահմանը առանց Ադրբեջանի համաձայնության: Այս տեսությանը հավատացողների համար, անշուշտ օգոստոսի 31-ի արձանագրությունների բովանդակությունը բացարձակապես անընդունելի է: Այս փաստաթղթերով Թուրքիան արդեն պաշտոնապես, գրավոր ստացել է Հայաստանից այն ամենն ինչ ուզում էր, բայց չէր կարողացել ստանալ Հայաստանի անկախությունից ի վեր», – ասված է հոդվածում: Նշվում է, որ երկրորդ տեսությունն այն է, որ Թուրքիան պատրաստ է, նույնիսկ Ադրբեջանի հետ ժամանակավորապես կամ արտաքուստ հակադրվելու գնով, գնալ սահմանի բացմանը, հետևաբար Հայաստանը նույնպես ամեն ջանք պետք է գործադրի դրան հասնելու համար. «Այս տեսության կողմնակիցներին էլ կարելի է պայմանականորեն բաժանել երկու մասին: Նրանք, որ համարում են, որ հայ-թուրքական սահմանի բացումը գերակա է բոլոր այլ խնդիրների նկատմամբ, և հայկական կողմը կարող է չպնդել պատմական հարցերի վրա: Բայց այս մարդիկ պետք է հստակ գիտակցեն նաև, որ նույնիսկ այս դեպքում ղարաբաղյան խնդիրը չի շրջանցվելու: Եթե Թուրքիան համաձայնի բացել Հայաստանի հետ սահմանը առանց ղարաբաղյան խնդրում կարգավորման հարցում Ադրբեջանին ձեռնտու առաջընթացի, որևէ կասկած չի կարող լինել, որ Թուրքիան հստակ խոստումներ է ստացել միջազգային հանրության կողմից, որ Ղարաբաղին հարող բոլոր տարածքները կվերադարձվեն Ադրբեջանին, առանց Ղարաբաղի կարգավիճակի վերջնականացման երաշխիքի: Մյուս հատվածը գիտակցում է սահմանի բացման անառարկելի անհրաժեշտությունը, բայց պատրաստ չէ ամեն գնով հասնել դրան: Հենց այս դաշտում է, որ պետք է փորձել ծավալել առողջ քննարկումը»։

No comments: