Saturday, September 5, 2009

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ` ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՋԱՐԴԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻ՞Չ

«ԱԶԳ», 05-09-2009- Խորհրդային պաշտոնական վարկածն այն էր, որ Սումգայիթի ողբերգությունը կազմակերպել են մի խումբ «հանցավոր տարրեր»: Արդարադատությունն այդպես էլ չի պարզել, թե իրականում ո՞վ կամ ովքե՞ր էին կանգնած հանցագործների թիկունքում: Անկախությունից ի վեր Ադրբեջանը պնդում է, որ իշխանությունները որեւէ կապ չեն ունեցել հանցագործության հետ: Ամեն ինչ, իբր, ծավալվել է անսպասելի: Ադրբեջանական քարոզչությունը չի խորշում անգամ ակնարկել, որ Սումգայիթը «կազմակերպել են հայերը, որպեսզի դրանով ճնշում գործադրեն Մոսկվայի վրա եւ համոզեն, որ հայերն Ադրբեջանում ենթարկվում են ֆիզիկական բռնությունների»: Մեկ այլ վարկածի համաձայն, Սումգայիթում իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ այնտեղ են հասել «Հայաստանից փախստական ադրբեջանցիները եւ պատմել իրենց նկատմամբ գործադրված գազանությունների մասին»: Որոշակի շրջանակներ էլ ենթադրում են, որ ողբերգությունը կազմակերպվել է Մոսկվայից` ՊԱԿ- ի միջոցով: Վարկածներն, այսպիսով, շատ են, բայց ճշմարտությունն, այնուամենայնիվ, մնում է չբացահայտված: Մի բան, այդուհանդերձ, ակնհայտ է. Սումգայիթի ողբերգությունը կազմակերպվել է: Ո՞ւմ կողմից: Ճշմարտությունը բացահայտելու համար հարկ կլինի լուրջ ուսումնասիրություններ անել: Բայց դա, կարծես, հեռավոր ապագայի խնդիր է, որովհետեւ ներկայում հազիվ թե հնարավոր է բացել խորհրդային ՊԱԿ-ի, առավել եւս` Ադրբեջանի կուսակցական, պետական եւ իրավապահ մարմինների պահոցները: Եվ սակայն, միշտ չէ, որ փաստաթղթերը կարող են ավելին ասել, քան ժամանակակիցների նկատառումները: Այս տեսակետից բավական հետաքրքրական ակնարկներ կան հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի «Երկրորդ հանրապետության վախճանը» («Конец второй республики») գրքում: Հեղինակը, մասնավորապես, մեջբերում է Ադր. ԿԿ Բաքվի քաղկոմի առաջին քարտուղար Ֆուադ Մուսաեւին, ում խոսքով` 1988 թ. փետրվարին ինքը եւ Սումգայիթի քաղկոմի առաջին քարտուղար Ջահանգիր Մուսլիմզադեն արձակուրդն անցկացնում էին Հյուսիսային Կովկասի առողջարաններից մեկում: Մուսաեւի վկայությամբ, փետրվարի 19-ին Բաքվից իրենց զանգահարում եւ պատվիրում են արձակուրդն ընդհատել եւ վերադառնալ, քանի որ «իրավիճակը սրված է»: Մուսաեւը ենթարկվում է, իսկ Մուսլիմզադեն չի ընդհատում արձակուրդըՙ ասելով, որ իր «քաղաքի համար հանգիստ է»: Վերադառնալով Բաքու, Մուսաեւը նույն երեկոյան խորհրդակցություն է հրավիրում, լսում ենթականերին եւ պարզում, որ մերձմայրաքաղաքային Ապշերոնի շրջկոմի առաջին քարտուղար Զոհրաբ Մամեդովը, Զարդուշտ Ալիզադեի ներկայացմամբ` «հայաստանցի քուրդ», կազմակերպում եւ ավտոբուսներով Բաքվի ուսանողական եւ բանվորական հանրակացարաններ է բերում «Հայաստանից փախստական ադրբեջանցիներին, որոնք էլ պատմում են իրենց կրած զրկանքների եւ նվաստացումների մասին»: Մուսաեւը կարգադրում է «փակել Ապշերոնից Բաքու եկող բոլոր ճանապարհները»: Հաջորդ օրը, ըստ Մուսաեւի, երբ «փախստականներ» տեղափոխող ավտոբուսները հանդիպում են պետավտոտեսչության արգելափակոցներին եւ չեն կարողանում մուտք գործել Բաքու, «փոխում են ուղղությունը եւ շարժվում Սումգայիթ»: Զարդուշտ Ալիզադեն այնուհետեւ պատմում է, որ Սումգայիթում կազմակերպված «հանրահավաքի» ժամանակ «մահ հայերին» կոչ է հնչեցրել քաղաքային դպրոցներից մեկի տնօրեն, բանաստեղծի համարում ունեցող Խըդըր Ալոեւը` «բանաստեղծական» կեղծանունը` Ալովլը: Ալիզադեն դարձյալ մանրամասնում է, որ Ալովլըն նույնպես «հայաստանցի քուրդ» է: Այս, թվում է, կատարյալ անիմաստ շարադրանքի մեջ Ալիզադեն մի անսպասելի միջարկություն է անում: Նրա հավաստմամբ, Ադրբեջանի նախագահի կարգավիճակով առաջին անգամ Սումգայիթ այցելելով` Հեյդար Ալիեւն անսպասելի դիմում է իրեն մեծարող ամբոխին եւ հարցնում. «Իսկ ո՞ւր է մեր Խըդըրը»: Խըդըրն, իհարկե, այնտեղ էր, եւ նրանք ջերմորեն ողջագուրվում են: Ալիզադեն նաեւ ավելացնում է, որ 2000 թվականի ընտրություններով Հեյդար Ալիեւը «խորհրդարան է տանում Խըդըր Ալովլուն»: Հեյդար Ալիեւը Մոսկվայում պաշտոնազրկվել է 1987-ի աշնանը: Նրա համար դա ծանր հարված էր: Գրեթե բոլոր հուշագիրները, այդ թվում` Ալիեւի դուստրը, վկայում են, որ պաշտոնանկության պատճառը Միխայիլ Գորբաչովի անձնական հակակրանքն էր: Ալիեւի դուստրը նույնիսկ կասկածում է, որ հոր հանկարծական հիվանդությունը ինչ-որ խարդավանքի արդյունք է եղել: Ամեն դեպքում, խորհրդային համակարգի չափանիշներով «դեռեւս գտնվելով ուժերի ծաղկման տարիքում», Ալիեւը զրկվել էր պաշտոնից եւ բոլոր հիմքերն ուներ ատելու Գորբաչովին: 1988-ի փետրվարին, իհարկե, Ալիեւը Մոսկվայում որեւէ իշխանություն չուներ: Բայց դա չի նշանակում, թե խզված էին նաեւ բոլոր տեսակի կապերը: Մանավանդ` ՊԱԿ-ի հետ: Չէ՞ որ նա ՊԱԿ-ի գեներալ էր եւ, ամենայն հավանականությամբ, այնտեղ բազմաթիվ կապեր ուներ: Փաստ է նաեւ, որ Մոսկվա տեղափոխվելուց հետո էլ Ալիեւը վերահսկում էր Ադրբեջանի կուսակցական եւ պետական վերնախավի շատ ներկայացուցիչների: Մի քանի ակնհայտ իրողություն արժե նկատել: Այսպես` արդեն նախագահի պաշտոնում Ալիեւը արտաքին գործերի նախարարի պաշտոնը վստահել է Հասան Հասանովին, որը 1988-ին Ադրբեջանի կենտկոմի քարտուղարներից մեկն էր, իսկ նույն կենտկոմականներից Ռամիզ Մեհթիեւն առ այսօր էլ գլխավորում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, Զիադ Սամեդզադեն` խորհրդարանի մշտական հանձնաժողովներից մեկը: Այնպես որ, Հեյդար Ալիեւի համար ամենեւին էլ դժվար չէր Ադրբեջանում որեւէ պահի այնպիսի ցնցում առաջացնել, որ Միխայիլ Գորբաչովը պարզապես «գլուխը կորցնի»: Չպետք է բացառել, որ այդ հարցում նրան կարող էր աջակցել քաղբյուրոյի «հին գվարդիան», ում եւս պետք էր «մի թեթեւ արյուն», որպեսզի «վերակառուցման ճարտարապետն» սթափվեր: Պետք է, հավանաբար, ընդունել նաեւ, որ 1987-ի տարեվերջին եւ 88-ի հունվար- փետրվար ամիսներին Հայաստանից իրոք Բաքու են հասել որոշ թվով ադրբեջանցիներ: Նրանք, իհարկե, փախստականներ չէին: Այդ մարդիկ կատարել են ինչ-որ մեկի հանձնարարությունը: Այս իմաստով պատահական չէ, որ Զարդուշտ Ալիզադեն հատուկ շեշտում է ե՛ւ Զոհրաբ Մամեդովի, ե՛ւ Խըդըր Ալոեւի «հայաստանցի քուրդ» լինելը: Ադրբեջանում ձեւավորված տեսակետ կա, այն բազմիցս հնչեցվել է, որ Հեյդար Ալիեւի ստեղծած կլանի առանցքային դերակատարները ծագումով Նախիջեւանից են կամ Հայաստանից: Թվում է` միեւնույն համատեքստում ընդգծելով երկու սադրիչների «հայաստանցի քուրդ» լինելու հանգամանքը, իսկ Խըդըր Ալոեւի դեպքում նրա եւ Հեյդար Ալիեւի միջեւ ակնհայտ կապ ակնարկելով` քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն եզրակացությունը թողնում է ընթերցողին: Իհարկե, այս ամենը բավարար չէ պնդելու համար, որ Սումգայիթի հանցագործների թիկունքում ուղղակիորեն կանգնած է եղել Հեյդար Ալիեւը: Բայց քանի դեռ ճշմարտությունը մնում է փակի տակ, ամեն մի ակնարկ կարող է եզրակացությունների հիմք դառնալ: Մանավանդ` ակնարկը գալիս է Ադրբեջանից: ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

No comments: