Saturday, September 5, 2009

Հայաստանի համար ավելի լավ կլինի, եթե Արձանագրությունները չվավերացվեն թուրքական խորհրդարանի կողմից

/PanARMENIAN.Net/ 04.09.2009 - Հայաստանի համար ավելի լավ կլինի, եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները չվավերացվեն թուրքական խորհրդարանի կողմից: Այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտարարեց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: «Արձանագրությունները արտացոլում են հրամայական մոտեցում. դրանց մեջ անընդհատ խոսվում է «պետք է արվի այս կամ այն»: Փաստաթղթերի մեջ բառացի չի գրված Կարսի պայմանագրի մասին, սակայն խոսվում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընդհանուր սահմանի վերաբերյալ: Եթե մենք ճանաչենք այդ սահմանը, մենք կընդունենք Կարսի պայմանագիրը, որն ամբողջությամբ անօրինական է», - ընդգծեց քաղաքագետը: Նա ավելացրեց, որ մոտ ժամանակներս սպասվում է Ղարաբաղյան գործընթացի կարգավորման ակտիվացում, ինչը կապված կլինի հայ-թուրքական հարաբերությունների իրադարձությունների զարգացման հետ: «Թուրքական բարձրաստիճան անձինք մշտական սերտ հարաբերությունների մեջ են գտնվում Ղարաբաղի միջնորդների հետ եւ շանտաժի են ենթարկում նրանց, որ չեն կատարի պայմանավորվածությունները մինչեւ որ Ղարաբաղյան գործընթացում առաջխաղացում չնկատվի: Ստացվում է, որ այս Արձանագրությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա ճնշում գործադրելու լծակներ են»,- ընդգծեց Մելիք-Շահնազարյանը: Քաղաքագետ Ալեքսանդր Մինասյանն իր հերթին ընդգծեց, որ Արձանագրություններն անորոշ փաստաթղթեր են, որոնց կետերը յուրաքանչյուր կողմ կարող է յուրովի մեկնաբանել: «Ես վստահ եմ, որ Թուրքիան ամեն կերպ կփորձի այս Արձանագրությունների միջոցով ակտիվացնել իր մասնակցությունը Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում: Սակայն ես նաեւ վստահ եմ, որ հայկական կողմը ամեն կերպ կխոչընդոտի դրան»,- հայտարարեց Ալեքսանդր Մինասյանը` ավելացնելով, որ կարգավորման պատասխանատու փուլը դեռ առջեւում է:

No comments: