Sunday, September 6, 2009

Երգիչներն էլ խոսեցին հայ-թուրքական հարաբերությունների մասին

«ՀԷՏՔ» 5-9-2009- Երգչուհի Նունե Եսայանը եւ Էմփիրեյ խմբի երգիչ Սարգիս Մանուկյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են հայ-թուրքական սահմանի բացման` արվեստի վրա հնարավոր ազդեցության մասին: Սարգիս Մանուկյանը կարծում է, որ սահմանների բացումը ոչ մի կերպ էլ չի անդրադառնա արվեստի վրա: «Երաժշտությունը տամոժնիայով չեն անցկացնելու, ոչ էլ «ռաստամոժկա» են անելու, այդ ամենը արդեն վաղուց ներխուժել է մեր իրականություն եւ այդ վարակը վաղուց Հայաստանում է: Ու եթե իրենցը ներխուժել է, ուրեմն մերն է թույլ, որ կողքինը ազդում է: Սահմանի բացումը տնտեսության եւ քաղաքականության մեջ են բաներ փոխելու, բայց ոչ երաժշտության»,-ասաց Ս.Մանուկյանը: Սարգիս Մանուկյանը կողմ է սահմանների բացմանը, քանի որ կարծում է, որ այս պահին տնտեսապես եւ քաղաքականապես դա անհրաժեշտություն է մեր պետության համար: «Ես մի բան չեմ կարողանում հասկանալ, ինչու ենք մենք ամեն օր խոսում միայն ցեղասպանությունից: Արտերկրում մենք միայն դրանով ենք հայտնի, որ 15 թվին մեզ մորթել են: Ես ամաչում եմ, որ մեզ մորթել են, եւ ես չեմ ուզում դա դարձնեմ կյանքիս դրոշակը: Լուրեր էին մի օր տարածվել, թե մի գեներալ մի սպայի այնքան է ծեծել, որ սպան մահացել է: Ու փոխանակ մեր հեռուստատեսությունները դա հայտնեն, թողարկումը սկսում են այն լուրով, որ Ուրուգվայի ինչ որ գյուղապետ ճանաչել է հայոց ցեղասպանությունը: Ախր հիմա էնքան կարեւոր խնդիրներ ունենք լուծելու, այնքան ավելի մեծ կշիռ ունեցող պրոբլեմներ կան էս երկրում, որ պետք է դրանք լուծենք, որ նորմալ ապրենք: Թող չստեղծվի էն տպավորությունը, թե ես անցյալը մոռանում եմ, չեմ ցավում եւ այլն, բայց մի լավ խոսք կա, պետք է չէ ներկայում բռնաբարել անցյալը, որովհետեւ այդպես կործանում ես ապագան»: Սարգիս Մանուկյանի ընկալմամբ հայրենասիրությունը թուրքին ատելը չէ: «Ես չեմ ընդունում այն, որ ոմանց հայրենասիրությունը սահմանափակվում է թուրքի հանդեպ թշնամությամբ: Դա հայրենասիրություն չի: Էդ հայրենասեր տղերքը, որ «դոշ տված» ասում են չի կարելի թուրքի հետ սահման բացել, էդ նույն տղերքը, երբ էս երկրում լուրջ պրոբլեմներ կան,մարդիկ իրար են ուտում, իրանք չգիտեմ որ ծակն են մտած»: Վերջերս «Հրապարակ» օրաթերթում անանուն մի նյութ է հրապարակվել, որտեղ հեղինակը քննադատալ է Նունե Եսայանին համերգներից մեկին թուրքերեն երգելու համար: Նունե Եսայանը այսօր անդրադարձավ նաեւ այդ հարապարակմանը եւ պարզաբանեց, որ իր երգած երգը ամենեւին էլ թուքերեն չէ: «Ես բազմիցս իմ համերգների ընթացքում, պատմել եմ այդ երգի պատոմւթյունը: Եթե մեր երկրում կան տասնյակ բարբառներ եւ մենք դրանք շատ հաճախ չենք հասկանում, դրանք թուրքերեն չենք կոչվում չէ: Սիրիայում կա Քեսաբ գյուղ, որը ամբողջությամբ հայաբնակ է: Այնտեղ խոսում են Քեսաբի բարբառով, որը մեզ համար կարող է եւ անհասկանալի լինել, բայց այն թուրքերեն չէ: Միգուցե թուրքերեն բառեր կան, մեր շատ ժողովրդական երգերում էլ թուքերեն բառեր կան, քանի որ մշակույթը սահմաններ չի ճանաչում եւ բոլորիս էլ հայտնի է, որ տարածաշրջաններում ազգերի մշակույթները շատ հաճախ են ազդվում իրարից: Եվ հանցանք չէ, եթե հայկական բարբառի մեջ թուրքերեն որոշ բառեր լինեն»,- ասաց Նունե Եսայանը: Սարգիս Մանուկյանին ավելի շատ մտահոգում է այն փաստը, որ մարդիկ ուշադրություն են դարձնում ոչ թե այն փաստի վրա, թե ինչերեն է երգվում, այլ ` ով է երգողը: «Ես շատ երգիչներ գիտեմ, ովքեր ամբողջ օրը ռեստորաններում թուրքերեն երգեր են երգում, եւ շատ կարեւոր մարդիկ գալիս են վճարում եւ հաճույքով լսում են դրանց: Թող այդ երեւույթի մասին գրեն»: Երգիչներն անդրադարձան նաեւ կենդանի հնչողության մասին նոր օրենքին: Նրանք կարծում են, որ դեռեւս շատ բան չի փոխվել այդ դաշտում: Նունե Եսայանը խոստովանեց, որ իր կոլեգաներից մի քանիսից շատ հիասթավել է` լսելով նրանց կենդանի կատարումը: «Եւ եթե պետությունը նման օրենք է հանում, պետք է նաեւ երգիչներին պաշտպանի պիրատներից: Մի օրենք էլ հանեն, որ ով կկեղծի եւ կվաճառի նման սկավառակներ, կպատժվեն»:

No comments: