Առաջարկում է պատգամավորը
«Առավոտ» 5-9-2009- Ըստ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած եւ կառավարության դժգոհությանն արժանացած նախագծի՝ ԱԱԾ գործակալ չեն կարող լինել (ի դեպ, պարոն Դալլաքյանի պնդմամբ, գործող օրենքում չկա որեւէ սահմանափակում) Ամենայն հայոց կաթողիկոսը, խորհրդարանի պատգամավորները, երկրի վարչապետը, Սահմանադրական դատարանի եւ այլ դատավորները, կառավարության անդամները եւ էլի մի շարք պաշտոնատար անձինք: Հետաքրքրականն այն է, սակայն, որ կառավարությունը իր դժգոհությունն է հայտնել օրենքի նախագծի հենց այս կետի վերաբերյալ:
Վիկտոր Դալլաքյանը ներկայացնելով իր հերթական հեղինակային նախագիծը «Ազգային անվտանգության ծառայության մասին»՝ ասաց, թե իր նախաձեռնությունը նպատակ ունի կոնկրետացնել, թե ովքեր կարող են լինել ԿԳԲ-ի գործակալներ, որ հանկարծ այնպես չստացվի, որ, ասենք, հոգեկան հիվանդները, կրիմինալ տարրերը կամ պետական կարեւոր պաշտոններ զբաղեցնողները որոշեն, որ իրենք եւս դառնում են գործակալ եւ դառնան:
Նախագծին տրված կառավարության եզրակացության մեջ գրված է հետեւյալը. «Նախագծի երկրորդ հոդվածով նախատեսված լրացումը կնեղացնի օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում համապատասխան մարմինների հետ որոշակի կատեգորիայի անձանց համագործակցության շրջանակը, ինչը կարող է խոչընդոտել հետախուզական եւ հակահետախուզական գործունեության իրականացմանը եւ նվազեցնել հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը»: Իսկ վերոհիշյալ՝ կառավարության համար ըստ էության վիճահարույց երկրորդ կետի մասին հեղինակն ասաց. «Այդ կետում ես գրել եմ, թե ովքեր չեն կարող լինել ԿԳԲ-ի «ագենտ»: Եվ եթե կառավարությունը դեմ է հենց այդ կետին, նշանակում է կողմ է, որ ԱԱԾ-ի հետ համագործակցող անձինք, այսինքն՝ անվտանգության մարմինների գործակալներ լինեն ԱԺ պատգամավորները, կառավարության անդամները, ՍԴ անդամները, դատավորները, դատախազները, մարդու իրավունքների պաշտպանը, ՎՊ նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը, Հանրային ռադիոհեռուստաընկերության նախագահը, ԿԸՀ նախագահը, ԿԲ նախագահը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը եւ այլք, մի խոսքով՝ ամբողջ իշխանությունը:
Այսինքն՝ կառավարության տրամաբանությամբ՝ ստացվում է, որ վերոհիշյալ անձինք կարող են լինել գործակալնե՞ր: Իսկ ես իմ նախագծի երկրորդ կետում գրել եմ, որ ԱԱԾ մարմիններն այս անձանց իրավունք չունեն իրենց գործունեության ընթացքում որպես համագործակցող անձ ներգրավել: Ես դա օրենքով առաջարկում եմ արգելել, իսկ կառավարությունն ասում է՝ եթե դու արգելես, ուրեմն՝ դրանով կնեղանա օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում համապատասխան մարմինների հետ որոշակի կատեգորիայի անձանց համագործակցության շրջանակը: Կառավարության պատասխանը ես այսպես եմ մեկնաբանում. ստացվում է, որ իրենք ասում են հետեւյալը՝ եթե մենք, օրինակ, վարչապետին կամ ԱԺ նախագահին արգելենք ներգրավվել գործակալի գործունեության մեջ, ուրեմն դրանով ԱԱԾ գործունեության շրջանակը կնեղանա»:
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած մեկ այլ՝ «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքի նախագիծը իր հերթին բավականին լուրջ հակազդեցություն ստացավ ԶԼՄ-ների եւ լրագրողական գրեթե բոլոր կազմակերպությունների, նաեւ՝ մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Եվ դեռ այդ ժամանակ պարոն Դալլաքյանը մեր թերթի միջոցով հայտարարեց, որ հանդիպել է մարդու իրավունքների պաշտպանին եւ պատրաստ է ընդունել նրա առաջարկությունների մեծ մասը: Մեր զրույցի ընթացքում հետաքրքրվեցինք նաեւ, թե ի՞նչ վիճակում է այս նախագիծը. «Ես հանդիպել եմ մարդու իրավունքների պաշտպանին, եւ մենք պայմանավորվել ենք, որ առաջիկա օրերին՝ այսօր-վաղը, մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված երկու առաջարկությունները համատեղ կքննարկենք եւ կամրագրենք օրենքի նախագծի մեջ»,- ասաց մեր զրուցակիցը: Մեր դիտարկմամբ, եւ այս վիճահարույց նախագիծը, եւ այն փաստը, որ ԱԺ նախագահը որոշեց փոխել խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրատվամիջոցների հավատարմագրման կարգը, տեղավորվում են նույն համատեքստում: Օրենքի նախագծի հեղինակից փորձեցինք պարզել՝ կապ կա՞ իր հեղինակած նախագծի եւ հավատարմագրման կարգի փոփոխության մեջ, եւ այս ամենը չի՞ նշանակում, որ պաշտոնյաները եւ պատգամավորները սկսել են անչափ շատ վախենալ լրագրողներից եւ այդ պատճառով էլ փորձում են որոշակի ճնշում բանեցնել ԶԼՄ-ների վրա: Վիկտոր Դալլաքյանը չկիսեց մեր կարծիքը, թե այս ամբողջ իրարանցման առաջին քայլը իր իսկ հեղինակած օրենքի նախագիծն էր. «Ես այդպես չեմ կարծում, քանի որ հենց ձեր թերթում հանգամանորեն հիմնավորել եմ իմ օրենսդրության կարեւորությունը: Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ Քրեական օրենսգրքում նախատեսել եմ համապատասխան փոփոխություններ՝ լրագրողների իրավունքները սահմանափակելու հետ կապված խիստ պատիժներ նախատեսելով: Ի դեպ, ասեմ, որ կառավարությունն այդ առաջարկության վերաբերյալ լրացուցիչ պահանջ է ներկայացրել ինձ: Իսկ իմ հիմնավորումն այն է, որ վերջին շրջանում լրագրողների նկատմամբ բազմաթիվ բռնություններ, անօրինականություններ են կատարվում, եւ նաեւ դրանց դեմն առնելու նպատակով ես նախատեսում եմ, որ այդ բռնություններն իրականացնող անձինք դատապարտվեն ազատազրկման մինչեւ հինգ տարի ժամկետով»:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Sunday, September 6, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment