Հայաստանի, Թուրքիայի եւ երկու երկրների բանակցությունները միջնորդող Շվեյցարիայի արտգործնախարարությունների՝ օգոստոսի 31-ին հրապարակված հայտարարությունը հայաստանյան արտախորհրդարանական քաղաքական դաշտում բավականին հակասական է ընկալվում:
«Առավոտ» 2-9-2009- Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը գտնում է, որ կողմերի միջեւ մինչ օրս ստորագրված փաստաթղթերը հայաստանյան եւ թուրքական իշխանությունների՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման կամքի արտահայտությունն են. «Երկու պետությունների քաղաքական իշխանությունները կայացրել են բնականոն հարաբերությունների հաստատման քաղաքական որոշումը եւ ձեռնամուխ են եղել դրա կայացման գործընթացին»: Նա հուսով է, որ հարցի վերաբերյալ ներքաղաքական քննարկումները դրական արդյունք կտան, եւ զարգացումները կլինեն հենց այդ համատեքստում: «Այլեւս դրական ու հասկանալի կդառնա նաեւ նախագահի Թուրքիա մեկնելը»,- կարծում է ՀՔԴՄ նախագահը:
Հայտնի հասարակական գործիչ Աշոտ Բլեյանը գտնում է, որ մեր բոլորի շահերից է բխում, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բնականոն հարաբերություններ հաստատվեն օր առաջ: Եվ կարծում է, որ ականատեսն ենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա համաձայնությունների իրագործմանը: Նա նաեւ ուզում է հավատալ, որ այս գործընթացների արդյունքում հարեւանների միջեւ վերջապես կվերականգնվեն այդքան սպասված հարաբերությունները: Աշոտ Բլեյանն այն գործիչներից է, ովքեր գտնում են, որ Հայաստան- Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ավելի հեշտ կկարգավորվեն, եթե դիտարկվեն մի փաթեթում. «Մեզ պետք է հետաքրքրի հարցադրումների ոչ թե ձեւական, այլ էական կողմը: Ես գիտեմ, որ նոր բաժանարար գիծ չի կարող առաջանալ, եւ այդ հարաբերությունների տարանջատումը գրեթե անհնարին կդարձնի դրանց լուծումը: Շահառու կողմերը, կարծում եմ, առ այսօր համաձայնեցված գործում են, եւ դա լավ է»: Այս համատեքստում Աշոտ Բլեյանը կարեւորում է հոկտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանի այցը Թուրքիա եւ չի կիսում նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի երեկ արտահայտած կարծիքը, թե այս բացասական իրավիճակից միակ ելքը Սերժ Սարգսյանի հրաժարականն է. «Հարաբերությունների ընդհատումն ավելի դժվարացնելու է խնդրի լուծումը, եւ այդ պարագայում մենք կունենանք 1998 թվականի իրավիճակը՝ 10 տարի նահանջ: Ես չեմ կարող մեկնաբանել պարոն Արզումանյանի մոտեցումները, բայց ես ասացի այն, ինչ տեսնում եմ: ՀՀ-ում կա իշխանություն, որը ինչպես տնտեսության հարցերն է փորձում լուծել, այնպես էլ՝ արտաքին քաղաքական հարցերը: Թուրքիայի կողմից Ցեղասպանության չճանաչելը չի կարող խոչընդոտ լինել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Կան բազում պետություններ, որոնք այսօր չեն ճանաչել ցեղասպանությունը, բայց նրանց հետ միանգամայն իրավացիորեն մեր պետությունը հարաբերություններ ունի: Ես համոզված եմ, որ հարաբերությունների կարգավորումը կբերի նաեւ այդ իրողության ճանաչմանը: Հայ հասարակությունը 1988-ի հասարակությունը չի եւ նրան որեւէ նկատառումով չի կարելի խաբել»:
«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմեն Աղայանն էլ գտնում է, որ Սերժ Սարգսյանի վարչախումբը հետեւողականորեն շարունակում է իր հակահայ եւ դավաճանական ընթացքը՝ ձեւացնելով, թե մեծագույն ծառայություն է մատուցում մեզ. «Ստորագրվել է մի փաստաթուղթ, որը ոտնահարում է հայ ժողովրդի հայրենիքի իրավունքը, Թուրքիայի կողմից Հայոց հայրենիքի ավելի քան 100 հազար քառ.կմ-ի գրավման իրավական հիմք է ստեղծում, ինչպես նաեւ որպես պետական սահման է ամրագրում այսօր առկա եւ թուրքական ագրեսիայի արդյունքում ձեւավորված հայ-թուրքական բաժանարար գիծը: Դրանով իմաստազրկվում է մեր ժողովրդի եւ առաջին հերթին՝ Սփյուռքի տասնամյակների պայքարը հանուն Ցեղասպանության ճանաչման եւ Արեւմտյան Հայաստանի պահանջատիրության: Եթե սահմանը ճանաչվում է Արաքս եւ Ախուրյան գետերով, ապա Ցեղասպանության մասին խոսելն այլեւս անիմաստ է դառնում: Սա խայտառակ մեծ զիջում է, եւ այն հնարավոր չէ հիմնավորել առեւտրատնտեսական կասկածելի օգուտներով, որոնք իրականում չեն լինելու: Մեզ փորձում են համոզել, թե Հայաստանն է, որ Թուրքիային ինչ-որ զիջում է պարտադրել: Իրականում վաղուց հայտնի է, որ Թուրքիայի միակ նախապայմանը ոչ թե Ադրբեջանին տարածքներ հանձնելն է եղել, ոչ էլ Ցեղասպանություն բառից հրաժարվելը, այլ Թուրքիայի տարածքային ամբողջությունը ճանաչելը, եւ թուրքական դիվանագիտությունը հաջողությամբ ընթանում է դեպի իր նպատակակետը: Սերժ Սարգսյանը պարծենում է, թե Ցեղասպանության հարցով պատմաբանների հանձնախումբ չի ստեղծվում, թեեւ բոլորին էլ պարզ էր, որ խնդիրը հանձնախմբի մասնագիտական կազմը չէ, այլ նրա քննարկած հարցը, որը մի կողմից՝ կասկածի տակ է դնում ցեղասպանության փաստը, մյուս կողմից՝ դրանից բխող պատասխանատվության եւ փոխհատուցման խնդիրը վերածում է պատմական իրողությունների ճշգրտման անիմաստ հարցի:
Բացի այդ, փաստաթղթում բոլորովին անտեղի խոսվում է տեռորիզմի մասին, եւ ես չեմ զարմանա, որ դրա արդյունքում մի օր Հայաստանը դատապարտի հանուն Ցեղասպանության ճանաչման զինյալ պայքարը եւ նրա բազմաթիվ նահատակներին»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
No comments:
Post a Comment