Կամ ինչպես են տարբեր կրոնական կազմակերպություններ փորձում գրավել երիտասարդների ուշադրությունը
«Առավոտ» 5-9-2009- Ինչպես «Առավոտի» 02.09. 09 համարում տպագրված «Սեպտեմբերի 1-ը հարմար առի՞թ» հոդվածում էինք տեղեկացրել, Գիտելիքի եւ դպրության օրը մի խումբ երիտասարդներ ՀՀ բուհերի շրջակայքում հրավիրատոմսեր էին բաժանում, որոնցով տարբեր բուհերի ուսանողներ սեպտեմբերի 3-4-ին հրավիրվում էին Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն՝ մասնակցելու մի հանդիպման, որտեղ երիտասարդները կստանան մարդկային կյանքի իմաստի, Աստվածաշնչի հիմնական գաղափարի, աղանդներից զգուշանալու եւ այլ թեմաների վերաբերող հարցերի պատասխաններ: Նախաձեռնության կազմակերպիչները ներկայացել էին որպես երիտասարդ քրիստոնյաներ՝ Նոր կտակարանի երիտասարդ հավատացյալներ: «Առավոտը» գնաց «հրավերի» հետքերով:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Խանջյան փողոցում գտնվող «Տաշիր» պիցերիայի մուտքի դիմաց հրավիրյալներին էին դիմավորում գեղեցիկ հագնված երիտասարդներ՝ հարցնելով. «Հրավիրատո՞մս եք ստացել»: Իմանալով, որ հրավիրատոմսով են եկել, նրանք երիտասարդներին շատ սիրալիր տոնով ուղեկցում էին ներս, որտեղ քիչ-քիչ հավաքվում էին տարբեր բուհերից եկած ուսանողներ: Կես ժամվա ընթացքում պիցերիայում հավաքված երիտասարդների թիվը հասավ շուրջ 100-ի: Սակայն կազմակերպիչները, որոնք միմյանց «քույրեր-եղբայրներ» էին կոչում, թույլ չէին տալիս, որ «նորերը» առանց փորձառու քույր-եղբայրների՝ նստեին մեկ սեղանի շուրջ: Որպես կանոն՝ բոլոր սեղանների շուրջ գոնե մեկ «քույր» կամ «եղբայր» էր նստում, որպեսզի ուսանողներին բացատրեր, թե նրանք հատկապես ինչի համար են հրավիրված: Մինչ սեղանների շուրջ եռում էին քննարկումները՝ Աստվածաշնչի, եկեղեցու հավատքի, ճշմարտության եւ փրկության մասին, «Տաշիրում» ընթրիքի պատրաստություն էին տեսնում: «Հիմա կունենանք ընթրիք, հետո խոսք կլսենք, կերգենք ու ձեզ գրքեր կբաժանենք»,- նորեկրին ասում էին «քույր-եղբայրները»: Ընթրիքի ժամանակ քույր-եղբայրները երիտասարդների ականջին քիչ-քիչ «կաթեցնում» էին իրենց գաղափարախոսությունը: Օրինակ, ըստ դրա՝ բոլոր քրիստոնյաները, կապ չունի՝ ուղղափառ, առաքելական կամ այլ ուղղության, մեկ ընտանիք են: Իրենց քրիստոնյա կոչող երիտասարդները դեմ են կնքվելուն, դա հեթանոսական ծես են համարում, փոխարենը ընդունում են մկրտությունը՝ ջրով: Ասում են, որ մկրտվելով կարծես իրենց նվիրաբերում են Աստծուն՝ Տեր Հիսուսին: Նրանց համար ընդունելի չէ նաեւ Սուրբ Զատիկը: Ասում են՝ զատիկ նշանակում է զատվել՝ առանձնանալ եւ աղոթք անել: Իսկ դա կարելի է անել ամեն օր, ոչ թե՝ տարին մեկ անգամ եւ միայն Զատիկի օրը հիշել Տեր Հիսուսին, որը մեր բոլորի համար արյուն թափեց: Պատարագները եւս ընդունելի չեն նրանց համար: Նրանց բնորոշմամբ՝ դրանք երգեր են, որոնք հասկանալի չեն ոչ մեկին, այնինչ՝ իրենք երգում են այնպիսի երգեր, որոնք պարզ են, ուրախ եւ հասկանալի, հետո՞ ինչ, որ դրանք կարող են լինել բապտիստական կամ ուղղափառ երգեր:
«Տաշիրում» հայտնվեցին նաեւ կիթառներով մարդիկ, դա նշանակում է, որ այդ օրն էլ պիտի երգով փառաբանեին Տիրոջը: Պիցերիայում այնպիսի մտերմիկ մթնոլորտ էր, որ անցորդները չէին էլ կարող պատկերացնել, թե այստեղ հավաքվածները եկել էին «հատուկ» նպատակով: Հանդիպման կեսից նկատեցինք, որ ժամանեցին նաեւ սքեմավոր անձինք: Սակայն երբ նրանցից մեկը ցանկացավ նստել սեղաններից մեկի շուրջ, որտեղ երիտասարդները ակտիվ զրուցում էին, վերջիններս չցանկացան նրան ընդունել: Պարզվեց, որ «քույր-եղբայրները» եկեղեցականների աշխատանքը պարզապես պաշտոն են համարում: Բոլորն անհամբեր սպասում էին, թե երբ պիտի խոսք հնչի, որին կհաջորդի քննարկումը, պիցերիայում մի տեսակ իրարանցում սկսվեց: Ինչ-որ բան այն չէր, խնդիրներ էին առաջանում, քանի որ ելույթն անընդհատ ձգձգվում էր: Հանկարծ պարզվեց, որ «Տաշիրի» ղեկավարությունը կազմակերպիչներին արգելել էր հյուրասիրությունից բացի, այլ քայլերի դիմել՝ պատճառաբանելով, որ դա հակասում է իրենց կանոնադրությանը: Ուստի հավաքված երիտասարդներն այդպես էլ չկարողացան գրքեր ստանալ, որոնցում ռուսերեն լեզվով «մեկնաբանված» է Աստվածաշունչը, կամ խոսք լսել ու երգել: Ուստի «կստանաք թանկարժեք նվերներ» շահագրգռությամբ կազմակերպիչները նրանց հրավիրեցին ամեն շաբաթ օր, ժամը 18:00-ին Թեքեյան մշակութային կենտրոն: Պարզ դարձավ նաեւ, որ մեծահասակների համար հավաքները եւս կազմակերպվում են նույն կենտրոնում՝ ամեն կիրակի առավոտյան: Գործում են նաեւ պատանիների եւ երիտասարդների խմբակներ՝ ՀՀ մարզերում:
Մի խոսքով, իրենց «քրիստոնյա երիտասարդներ» կոչող անձանց բավական լավ հաջողվեց ուսանողներին գրավելը. նրանց մեծամասնությունը միմյանց հետ զրուցելիս ասում էր, որ անպայման մասնակցելու է շաբաթ օրվա հավաքին, որովհետեւ բավականին լավ ժամանակ անցկացրեց: Թերեւս Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին երիտասարդների հետ մտերմիկ հարաբերություններ հաստատելու շնորհքն է պակասում, այդ պատճառով էլ ուսանողներից շատերը մտերմություն եւ իրենց հուզող հարցերի պատասխաններն են փորձում գտնել այս կամ այն կրոնական ուղղություններին պատկանող կազմակերպությունների գրկում:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Sunday, September 6, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment