«Լրագիր» 18-9-2009 - Սամվել Նիկոյանը կարծես թե մարտի 1-ի վերաբերյալ իր զեկույցն այդքան էլ լավ չէր սովորել, քանի որ խորհրդարանի ամբիոնից ընթերցում էր ոչ այնքան վարժ: Սովորաբար մարդն իր պատրաստած նյութն ավելի սահուն է ընթերցում, որովհետեւ բովանդակությունը նաեւ իր ներսում է: Բայց դե ինչ որ մեկը պետք է գրեր այդ զեկույցը եւ կարեւոր չէ, թե Նիկոյանն է այդ ինչ որ մեկը, դատախազությունում է այդ ինչ որ մեկը, թե նախագահի նստավայրում: Կարեւորը զեկույցի բովանդակությունն է, որը բոլոր դեպքերում լինելու էր նույնը: Բայց ավելի ճիշտ կարելի է ասել, որ մարտի 1-ի զեկույցը որեւէ բովանդակություն էլ չուներ, եւ դրա հեղինակների գլխավոր նպատակը եղել է հենց զեկույցը բովանդակազերծելը: Սակայն այդ տեսանկյունից էլ պատրանք ունենալ պետք չէր, թե խորհրդարանական հանձնաժողովը պետք է բովանդակալից զեկույց պատրաստեր մարտի 1-ի մասին: Բավական էր նայել, թե ովքեր են այդ հանձնաժողովի անդամները, ու պարզ կլիներ, որ նրանք չեն կարող այդպիսի նպատակ հետապնդել: Օրինակ, ինչպես կարող է մարտի 1-ի բովանդակություն ներկայացնել խոշոր ներկրողը: Այլ խոշորներ էլ կամ խոշորների սպասարկուներ էլ կային մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովում, եւ այդ ամենը խոշոր հաշվով հանգեցնելու էր նրան, ինչին որ ականատես ենք դառնում իբր թե զեկույցի հրապարակման տեսքով:
Իսկ իրականում շարունակում են չհրապարակված մնալ հարցերի պատասխաններ, որոնց վերաբերյալ հարցադրումները կարծես թե այնքան էլ չեն հնչում, այդ թվում եւ ընդդիմության շուրթերից: Օրինակ, կարեւորագույն հարցերից մեկը, թե ինչ էր անում մարտի 1-ին ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը: Այսօր շատերը, կամ գրեթե բոլորը, ուղղակի կամ անուղղակի մեղադրում են մարտի 1-ի համար Ռոբերտ Քոչարյանին: Նույնիսկ Սամվել Նիկոյանի հանձնաժողովի ընթերցած զեկույցում է նկատելի այդ մեղադրանքը, թեկուզ այն բանի համար, որ արտակարգ դրությունը եթե շուտ մտցվեր, ապա զոհեր չէին լինի:
Ռոբերտ Քոչարյանի դերակատարությունն ու պատասխանատվությունը մարտի 1-ին որեւէ մեկը թերեւս չի կարող վիճարկել, թեկուզ միայն այն պարզ պատճառով, որ նա այդ ժամանակ երկրի նախագահն էր, գերագույն գլխավոր հրամանատարը, իսկ մարտի 1-ին գործի էր դրվել ամբողջ ուժային համակարգը: Բայց չէ որ երկրում կար նաեւ նոր ընտրված նախագահ, որը պետք է ընդամենը մեկ ամիս անց ստանձներ երկրի նախագահի պաշտոնը: Միթե նրան չէր հետաքրքրում, թե ինչ է կատարվում երկրում, ինչ կարող է կատարվել, ինչ երկիր կարող է ստանալ ինքը մեկ ամիս անց, ինչ հասարակություն,, ինչ իրավիճակ, ինչ խնդիրներ: Չէ որ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը միայն նախագահ չէր, այլ նաեւ գործող վարչապետ, խորհրդարանի մեծամասնության կուսակցապետ: Ինչ էր անում այդ պատասխանատու կարգավիճակի մարդը մարտի 1-ին: Որտեղ էր նա. նախագահի կողքին էր արդյոք, տեղյակ էր արդյոք, թե ինչ է կատարվում, փորձում էր արդյոք տեղեկանալ, փորձում էր արդյոք կանխել արյունահեղությունը: Թե Սերժ Սարգսյանի համար միանգամայն նպաստավոր էր, որ այդ օրն ինչքան հնարավոր է մեծ ապօրինություններ տեղի ունենան, որպեսզի միաժամանակ թե ընդդիմությունը կոտրվի, թե ապօրինություն գործած Ռոբերտ Քոչարյանը հետագայում դառնա խոցելի, նրա հետնախագահական իշխանական հավակնությունները սանձելու համար:
Բոլոր դեպքերում, ընդդիմությունը շատ է խոսում մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի հանցավոր դերակատարության մասին, իշխանությունն էլ շատ է խոսում մարտի 1-ին անուղղակի Ռոբերտ Քոչարյանի եւ ուղղակի Լեւոն Տեր-Պետրոսյանի հանցավոր կեցվածքի մասին: Սերժ Սարգսյանի մարտի 1-ի մասին՝ ոչ մի բառ: Կարծես թե Սերժ Սարգսյանն այդ օրը հանրապետությունում էլ չի եղել: Ինչու: Ոչ թե ինչու չի եղել, այլ ինչու է անտեսվում այդ օրը նրա լինելու, նրա վարչապետ, իշխանական կուսակցության նախագահ լինելու հանգամանքը: Չէ որ դրանք բավարար լծակներ էին իրավիճակի վրա գործուն միջամտություն ունենալու եւ այդօրինակ ողբերգական զարգացումները կանխելու համար, եթե Սերժ Սարգսյանն իսկապես մտածում էր, որ Ազատության հրապարակի ցուցարարները իրենց քույրերն ու եղբայրներ են, ինչպես հայտարարում էր փետրվարի 26-ի հայտնի հանրահավաքում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Saturday, September 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment