News.am- 4-9-2009- Երգչուհի Հադիսեն, որ ներկայացնում էր Թուրքիան «Եվրատեսիլ-2009»-ում, այլեւս համերգներով հանդես չի գալու Բաքվում: Ինչպես հայտնում է ադրբեջանական «APA» գործակալությունը, Ադրբեջանի մայրաքաղաքում Հադիսեի համերգի կազմակերպիչ Նահիդ Էմիլօղլուն պաշտոնապես հայտարարել է, թե այլեւս Բաքվում չի կազմակերպելու թուրք երգչուհու համերգները:
«Չնայած, որ Հադիսեն մեզ մի համերգ է պարտք մնացել, մենք հրաժարվում ենք այդ համերգի կազմակերպումից: Անձամբ ես իմ անունից հայտարարում եմ, որ այլեւս Բաքվում չենք կազմակերպելու այդ երգչուհու համերգները»,- տեղեկացրել է նա:
Թուրք երգչուհու դեմ նման ընդվզման պատճառը, ըստ գործակալության, Հադիսեի վերջին հայտարարությունն էր այն մասին, որ նա անձամբ հրավիրել է Արշակյան քույրերին, որոնց հետ ծանոթացել է Մոսկվայում՝ մրցույթի ժամանակ, հանդես գալ համատեղ համերգով Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ ֆուտբոլային խաղի բացման արարողությանը: Նման նախաձեռնությամբ նա նաեւ դիմել է թուրքական կառավարությանն ու երկրի ֆուտբոլի ֆեդերացիային:
Միաժամանակ, ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, հայ երգչուհիների մենեջեր Աննա Հովհաննիսյանը հայտարարել էր, թե Ինգայի եւ Անուշի պրոդյուսեր «Շարմ» ընկերությունը պաշտոնական հրավեր չի ստացել, հետեւաբար Թուրքիայում որեւէ համերգ տեղի չի ունենա:
Հադիսեի հետ կապված սկանդալը զարգանում է դեռ չմարած այն պատմության ֆոնին, երբ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հարցաքննության էր հրավիրել «Եվրատեսիլ-2009»-ում Հայաստանի օգտին քվեարկած անձանց:
Saturday, September 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment