«Լրագիր» 7-9-2009- Պարզվում է, որ Գալուստ Սահակյանը հարգում է Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ թույլ չի տա, որ որեւէ երիտասարդ հանրապետական հայհոյի նրան, քանի որ նա մեր առաջին նախագահն է: Գալուստ Սահակյանի մոտ հարգանքի այս հանկարծակի վերաբեռնումը՝ “ռեսթարթը” միանգամայն հասկանալի է: Նա Լեւոն Տեր-Պետրոսյանին այդպես “հարգում էր” մեկ էլ նրա նախագահ եղած տարիներին, ինչպես նաեւ նախագահ չեղած տարիներին, մինչեւ 2007 թվականի հոկտեմբերի 26-ը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ տասնամյա լռությունից հետո առաջին հանրահավաքում, հայտարարեց նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին: Դրանից հետո Գալուստ Սահակյանի հարգանքը “կախվեց”, իսկ որեւէ երիտհանրապետականի Սահակյանը չէր արգելում Լեւոն Տեր-Պետրոսյանին որեւէ բան ասել: Հիմա պարզվում է, Տեր-Պետրոսյանը մեր առաջին նախագահն է, ու Գալուստ Սահակյանը հարգում է նրան: Պարզ է, թե ինչն-ինչոց է հարգանքի այս դրսեւորման հարցում: Գալուստ Սահակյանը, որպես իշխանությանն ականջալուր լինելու տարիների փորձառություն ունեցող գործիչ, ներքին ինչ որ վեցերորդ զգայարանով, որն ըստ հերթականության նրա մոտ գուցե հենց առաջինն է, զգում է, թե ինչ տրամադրություն պետք է հաղորդել քաղաքական ներկայիս պահին: Հայ ազգային կոնգրեսը, որ գլխավորում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, բավական լոյալ է արձագանքել իշխանության ֆուտբոլային դիվանագիտության օգոստոսի 31-ի հանգրվանին, երբ գաղտնազերծվեցին հայ-թուրքական արձանագրությունների տեքստերը: Կոնգրեսի հայտարարությունը ընթերցելիս նույնիսկ դժվար կլիներ կռահել, որ դա երկրի հիմնական կամ առավել եւս միակ ընդդիմություն հանդիսացող ուժի հայտարարությունն է, եթե հայտարարությունից հանվեին կոնգրեսի մասին հիշատակումները: Դա իհարկե կոնգրեսի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի խնդիրն է, թե ինչպես արձագանքի ֆուտբոլային դիվանագիտությանը: Չես կարող դատապարտել նրանց, եթե տալիս են իսկապես իրենց մտածողությունից եւ արժեհամակարգից, քաղաքականության եւ աշխարհաքաղաքականության իրենց պատկերացումներից բխող արձագանք, քանի որ նրանց արարքի մեջ չկա անօրինականություն եւ անիրավություն: Բայց այդ ամենն ընդունելով հանդերձ, հարց է առաջանում, թե արդյոք, ի վերջո, Գալուստ Սահակյանի հարգանքից բացի, ինչ է ստանում Հայ ազգային կոնգրեսն իր այդ դիրքորոշումով: Սակայն դա էլ Կոնգրեսի խնդիրն է: Գուցե կոնգրեսն ու նրա առաջնորդը, կամ միայն նրա առաջնորդը, գիտեն բաներ, որոնք չգիտեն շարքային քաղաքացիները, եւ հետեւաբար լավ չեն պատկերացնում եւ ընկալում այդ իմացությունից բխող իմաստուն որոշումները: Պարզապես այդ ամենը ստեղծել է մի իրավիճակ, երբ թե իշխանությունը, թե ընդդիմությունը, կառուցվում են եւ գործում են միեւնույն տրամաբանության վրա՝ “նա մի բան գիտե, որ անում է”: Իշխանությունը դա ասում է Սերժ Սարգսյանի համար, ընդդիմությունը դա ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանի համար: Այսինքն, քաղաքացիները ընդդիմությունից եւ իշխանությունից, երկրի համար կարեւորագույն ժամանակահատվածում, կարեւոր եւ լուրջ խնդրի կապակցությամբ, լսում են փաստացի նույն սկզբունքի հիման վրա կառուցված խոսքեր՝ “նա (իշխանության դեպքում Սերժ Սարգսյանը, ընդդիմության դեպքում Տեր-Պետրոսյանը) մի բան գիտե, որ անում է, վստահեք նրան”: Ինչ պետք է մտածի քաղաքացին այդ ամենից հետո, նույնիսկ այն դեպքում, երբ սեպտեմբերի 18-ի հանրահավաքն ու երթը, ի նշան երեւի թե հարգանքի, քաղաքապետարանը արտոնում է: Երեւի թե Գագիկ Բեգլարյանն էլ սկսել է հարգել Լեւոն Տեր-Պետրոսյանին, որպես առաջին նախագահ: Ինչպես երեւում է, Լեւոն Տեր-Պետրոսյանը կամաց-կամաց “դառնում” է ավելի շատ առաջին նախագահ, քան համաժողովրդական շարժման առաջնորդ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
No comments:
Post a Comment