Wednesday, October 21, 2009

Մամուլի ազատության ցուցիչ - 2009. Հայաստանը է'լ ավելի է նահանջել

«Ազատություն» 20-10-2009- «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերությունը երեքշաբթի օրը հրապարակել է մամուլի ազատության 2009 թվականի ցուցիչը, որի համաձայն` Հայաստանը անցյալ տարվա 101-րդ տեղից իջել է 111-րդը։ 2008-ի ցուցիչով Հայաստանը ուներ 22.75 միավոր, իսկ այս տարի արդեն` 31.13։ Զեկույցում ամփոփված է անցյալ տարվա սեպտեմբերի 1-ից մինչեւ այս տարվա օգոստոսի 31-ը ընկած ժամանակաշրջանը։ Առաջին հինգ հորիզոնականները զբաղեցրած Դանիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Նորվեգիան եւ Շվեդիան ունեն 0-ական միավոր։ Հայաստանի հարեւաններից Վրաստանը 81-րդ տեղում է, Թուրքիան` 122-րդ, Ադրբեջանը` 146-րդ, իսկ Իրանը 172-րդն է` ամենավատ կացության մեջ գտնվողների ցանկում։ Հայաստանի համեմատությամբ ավելի բարվոք վիճակում են բազում խնդիրներ ունեցող այնպիսի երկրներ, ինչպիսիք են Պապուա Նոր Գվինեան, Բուրկինա Ֆասոն, Տոգոն, Քաթարը, Զամբիան, Լեսոտոն, Քենիան, Փղոսկրի Ափը։ Հայաստանի դաշնակից Ռուսաստանը մամուլի ազատության ցուցիչում 153-րդ տեղում է։ Զեկույցի ներածականում ասվում է, որ Եվրոպան կարծես զրկվում է մամուլի ազատության օրինակ համարվելու դերից. Ֆրանսիայում, Սլովակիայում անկում է, Իտալիայում, Իսպանիայում գրանցվել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր, իսկ Խորվաթիայում անցյալ տարվա հոկտեմբերին ահաբեկչի ռումբի պայթյունից զոհվել է «Նացիոնալ» շաբաթականի սեփականատեր-տնօրենը։ Եվրոպական մի շարք երկրներում ընդունվել են լրագրողների աշխատանքը սահմանափակող օրենքներ։ «Մամուլի ազատությունը հարկ է պաշտպանել ամենուր եւ նույն եռանդով ու վճռականությամբ», - ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Ժան-Ֆրանսուա Ժուլյարը եւ հավելել. - «Շատ մտահոգիչ է, երբ եվրոպական դեմոկրատիաները` Ֆրանսիան, Իտալիան, Սլովակիան անկում են գրանցում։ Ինչպե՞ս մենք կարող ենք քննադատել մարդու իրավունքների ոտնահարումը այլ երկրներում, երբ դրանք չեն ապահովվել ներսում»։ Մամուլի ազատության ցուցիչով վերջին երեք տեղերում են 173-րդից 175-րդ հորիզոնականները զբաղեցրած Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան եւ Էրիթրեան։

No comments: