«Լրագիր» 20-10-2009- Նախագահի նստավայրը բավական հետաքրքրական տրամաբանական հարված է հասցրել հայ-թուրքական արձանագրությունների դեմ միավորված 13 կուսակցություններին: Նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը ենթադրում է քննարկում Սահմանադրական դատարանում: Արձանագրությունները դատարան է ներկայացնելու նախագահի նստավայրը: Փաստորեն, Սերժ Սարգսյանն ինքն է անում այն, ինչն իբր թե որպես պայքարի մի հանգրվան խոստանում էին անել արձանագրությունների դեմ հանդես եկող կուսակցությունները: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 16-ի հանրահավաքում հայտարարում էր, որ իրենց պայքարը քայլ առ քայլ ընթանում է եւ մինչեւ խորհրդարան մտնելը իրենց քայլը պետք է տանի Սահմանադրական դատարան:
Մինչ իրենք քայլում են, Սերժ Սարգսյանն արդեն իսկ հայտարարում է արձանագրությունները ՍԴ տանելու մասին: Իսկ որ ՍԴ-ն դրանք կհամարի Սահմանադրությանը համապատասխան, գրեթե ոչ մի կասկած չկա: Ու պատճառն ամենեւին այն չէ, որ Սերժ Սարգսյանը մոտ ապագայում խնամիանալու է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի բարեկամներից մեկի հետ: Դա կապ չունի, որովհետեւ խնամիական կապ կա նաեւ Սերժ Սարգսյանի ու ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի միջեւ, բայց Վահան Հովհաննիսյանը, միեւնույն է, դեմ է արձանագրություններին: Պարզապես, եթե Սահմանադրությանը համապատասխան էր, ասենք 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունը, ապա 2009 թվականի հոկտեմբերի 10-ի արձանագրությունն ուղղակի կհռչակվի Սահմանադրության տողերից բխող արձանագրություն:
Այնպես որ, Դաշնակցությունը եւ մյուս 12 կուսակցությունները հանգիստ կարող են անցնել պլան “բ”-ին եւ սկսել աշխատանքը ԱԺ պատգամավորների հետ, ինչպես որ պլանավորել էին, եթե Սահմանադրական դատարանում արձանագրությունների հակասահմանադրականություն չհռչակվի: Ավելին, եթե արդեն իսկ այժմվանից սկսեն պատգամավորների հետ աշխատանքը, մինչ նախագահը արձանագրությունները կներկայացնի ՍԴ հաստատմանը, ապա գուցե ժամանակ շահեն եւ ավելի լավ արդյունքի հասնեն: Հետաքրքիր է, թե ինչ հաջորդականությամբ են սկսելու պատգամավորներին համոզելը` այբբենական կարգով, խորհրդարանի դահլիճի նստատեղերի հաջորդականությամբ, թե պարզ վիճակահանությամբ: Հետաքրքիր է նաեւ, թե ինչպիսին են լինելու մեթոդները, թեեւ հասկանալի է, որ դա մարտավարական գաղտնիք է, որը չի բացվի, որպեսզի հաջողության հավանականությունը մեծ լինի: Այլապես իշխանությունը կարող է իմանալ, թե ինչպես են համոզելու պատգամավորներին, ու հակաքայլեր ձեռնարկելով գործը տապալել:
Բայց չի բացառվում նաեւ, որ մինչեւ Դաշնակցությունն ու կոմպանիան սկսի պատգամավորներին համոզելը, Սերժ Սարգսյանն այդ քայլն էլ նրանցից առաջ կատարի եւ ինքը սկսի աշխատել պատգամավորների հետ: Ընդ որում, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն ինքն էլ սկսի պատգամավորներին համոզել, որ դեմ քվեարկեն արձանագրություններին: Հետո երբ նույն բանը նրանց սկսի համոզել Դաշնակցությունը, ապա պատգամավորներին դա ուղղակի կնյարդայնացնի. “դուք ինչ է, մեզ ձեռ ե՞ք առնում”, կասեն երկկողմանի համոզման ենթարկված պատգամավորները եւ կվերցնեն ու առանց ավելորդ քննարկումների կվավերացնեն հայ-թուրքական արձանագրությունները:
Թերեւս ամենից ճիշտն այն կլինի, որ Դաշնակցությունը միանգամից անցնի պլան “ֆ”-ին: Եթե չունեն դեռ, թող արդեն իսկ այսօրվանից մտածեն: Չնայած պլան “ֆ”-ն սովորաբար մտածելու անհրաժեշտություն չի առաջացնում; Երբ մյուս պլանները փուչիկի պես պայթում են, “ֆ”-ն գալիս է ինքնաբերաբար ու կատարվում է աներկբայորեն:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Wednesday, October 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment