/PanARMENIAN.Net/ 20.10.2009 - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է եվրոպական եւ եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քայդենաուին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սարգսյանը ողջունել է տիկին Քեյդանաուի առաջին այցը Հայաստան եւ շնորհավորել նրան նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Տիկին Քեյդանաուն նախագահին է փոխանցել ԱՄՆ պետքարտուղարի ողջույնները: Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է հայ-ամերիկյան համագործակցությունը եւ շնորհակալ է ԱՄՆ-ի կառավարությանը անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերած ծավալուն աջակցության, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված ջանքերի համար:
Զրուցակիցները կարեւորել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը եւ ընդգծել, որ հարաբերությունների հաստատումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում: Թինա Քեյդանաուն նշել է, որ Միացյալ Նահանգները տարբեր մակարդակներով բազմիցս է արտահայտել իր այդ դիրքորոշումը եւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մյուս փուլերում եւս շարունակելու է հավատարիմ մնալ դրան: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կողմ է առկա խնդիրների այնպիսի լուծումների, որոնք հիմնավորապես կնպաստեն կայուն խաղաղությանն ու զարգացմանը: Կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարներին եւ մեր երկրում ժողովրդավարական գործընթացներին: Տիկին Քեյդանաուն կարեւորել է ժողովրդավարացման ուղղությամբ նկատելի առաջընթացը եւ վերջերս կիրառված համաներումը, նշելով, որ այն եւ դրան հաջորդած քայլերը դրական մեծ ազդակ են ժողովրդավարացման գործընթացների առումով, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը:
Wednesday, October 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment