Tert.am. 13-10-2009- Թե թուրք և թե հայ քաղաքական գործիչները պնդում են, որ հայ–թուրքական Արձանագրություններում նախապայմաններ չկան և որ ղարաբաղյան հարցը անմիջականորեն կապված չէ հայ–թուրքական մերձեցման հետ, սակայն չկան միայն «գրավոր» նախապայմաններ, քանի որ իրականում այդ երկու գործընթացները փոխկապակցված են։ Այս մասին այսօր հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է թուրքական Hurriyet թերթի համակարգող Էյուփ Ջանը, հաղորդում է Tert.am–ի թղթակիցը Ստամբուլից։
«Էրդողանը երեկ հստակ ասաց այդ մասին»,– նշել է Ջանն ու ավելացրել, որ թուրք ժողովուրդը քաջ գիտակցում է, որ առանց ղարաբաղյան հարցում առաջխաղացման հայ–թուրքական մերձեցումն անհնար է։
Էյուփ Ջանի խոսքով՝ ղարաբաղյան հարցը քննարկվում է փակ դռների հետևում, և, իր տեղեկություններով, խոսքը գնում է հայկական զորքերի դուրսբերման մասին 1-2 «գրավյալ տարածքներից»։ Թե կոնկրետ որ տարածքների մասին է խոսքը, Hurriyet–ի պատասխանատուն չնշեց։
«Վերջիվերջո, սահմանը փակվեց հենց Ղարաբաղի պատճառով, ուրիշ խնդիր չկա»։ Պատասխաելով հարցին, թե ինչ շահ է հետապնդում Թուրքիան՝ փորձելով չնեղացնել Ադրբեջանին, Ջանը, որքան տարօրինակ է, չխոսեց «եղբայրության» մասին։ Նրա ասածը զուտ «բիզնեսային» բնույթ էր կրում։ Պարզապես «Ադրբեջանը լուրջ խաղորդ է դառնում տարածաշրջանում», ասել է Ջանը՝ նկատի ունենալով, մասնավորապես «Նաբուկո» նախագիծը։
Էյուփ Ջանի խոսքով՝ Արձանագրությունների վավերացումը երկար չի սպասեցնի։ Համեմայնդեպս, մինչև ապրիլի 24-ը չի ձգձգվի, որովհետև «ամեն ինչ ընթանում է հաստատված ընթցակարգով»։
Ինչ վերաբերում է Ցեղասպանության խնդրին, ապա Hurriyet–ի ներկայացուցիչը, զերծ մնալով Ցեղասպանություն բառը գործածելուց, նշեց, որ այդ հարցը պետք է դառնա երկխոսության առարկա։
«Նախ պետք է բացել սահմանները, լուծել բոլոր բյուրոկրատական խնդիրները որպեսզի հայ և թուրք ժողովուրդները երկխոսության համար պայմաններ ունենան, և հետո միայն խոսել այդ մասին», – եզրափակել է նա։
Tuesday, October 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment