Tert.am. 14-10-2009- «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչը շատ խորը արմատներ ունեցող կազմակերպություն է, այսօր Ստամբուլում հայ լրագրողների հետ զրույցում ասել է Դինքի ընտանիքի շահերի պաշտպան Ֆեթիյե Չեթինը։
Պատասխանելով Tert.am–ի հարցին, թե որքանով գործը կապ ունի «Էրգենեկոնի» հետ և հնարավոր է արդյոք միացնել այդ երկու գործերը` Չեթինն ասել է, թե իրականում արմատները կարող են էլ ավելի խորը լինել։
«Դինքի սպանության մեղավորներն ի հայտ կգան այն ժամանակ, երբ բացվեն իրական կազմակերպիչների դիմակները»,-ասել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքի սպանության փաստով հարուցված քրեական գործով 18 անձ է անցնում, սակայն այսօր անազատության մեջ են գտնվում միայն մի քանիսը։
Խոսելով երեկվա դատական նիստի մասին՝ Չեթինը նշել է, որ դատալսման ընթացքում ի հայտ են եկել որոշ մանրամասներ, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ մեղադրյալ Օգյուն Սամասթը հանցակիցներ է ունեցել։ Փաստաբանը մի շարք փաստակներ է բերել, որոնք ապացուցում են, որ սպանությունը նախապես լրջագույն կերպով նախապատրաստվել է։
Չեթինի խոսքով՝ Դինքի սպանությունը կարող է անմիջական կապ ունենալ թուրք գրող Օրհան Փամուկի դեմ մահափորձի հետ, քանի որ, ըստ փաստաբանի, որոշ փաստեր թույլ են տալիս եզրակացնել, որ դրանց հետևում կանգնած է նույն կազմակերպությունը։
Նշենք, որ դատական հաջորդ նիստը կկայանա 2010թ. փետրվարի 8–ին։
Ինչպես երեկ հաղորդել էինք, դատական նիստի օրերին Ստամբուլի Բեշիքթաշ հրապարակում անցկացվում են ակցիաներ, որոնց մասնակիցները պահանջում են անկախ հետաքննություն անցկացնել և ջրի երես դուրս բերել մեղավորներին։
Wednesday, October 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment