Saturday, October 17, 2009

«Իսկենդար»-ի մոտ

A1+ 17-10-2009- Թրքական «քյաբաբանոցի» տերերը չեն թաքցնում, որ այդ շինությունը ժամանակին հայկական է եղել: Բուրսայում է Թուրքիայի ամենահայտնի «քյաբաբանոցը», որը «Իսկենդար» է կոչվում նույնանուն քյաբաբի հիմնադիրների անունով: Գրեթե բոլոր թուրք պաշտոնյանները, ով գալիս է Բուրսա, այս ռեստորանում է ճաշում: Անգամ Թուրքիայի վարչապետ Էրդողանն է այստեղ ճաշել:Ըստ ռեստորանի աշխատակիցների` Բուրսայում գտնվելիս Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահներն էլ են այնտեղ համտեսել «Իսկենդար» քյաբաբը, որը պատրաստվում է 1867 թ-ից: Նախկինում այս ռեստորանի շենքի տերը հայ անասնաբույժ է եղել,որը վաճառել է իր տունը ներկա տերերի պապերին: Ռեստորանի մենեջեր Դերբի Ֆուատը ուղեկցում է շենքի վերին հարկ, ուր հատակին ու պատերին պահպանվել են հայկական «հետքերը»`յուրահատուկ զարդանախշեր: Ըստ նրա` շենքի նախկին տերը տունը վաճառել է` ավելի մեծ տարածք գնելու համար:Պարոն Ֆուատը ասում է, որ ինքը կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը: Իր ասելով` «Բուրսան հայերի տեղ է», եւ ինքը պատրաստ է նրանց սպասարկել, անգամ աշխատել նրանց հետ: Պարոն Ֆուատի կարծիքով` «նախկինում Օսմանյան կայսրությունում ապրող բոլոր ժողովուրդները կարող են այսօր կողք-կողքի հանգիստ ապրել եւ աշխատել»: «Իմ հարսն էլ քուրդ է»,- իմիջայլոց ավելացնում է նա: Ի դեպ, այստեղ ուտելիքները շատ յուղոտ են: Սակայն գլխավոր խոհարարը նեղանում է, եթե չես ուտում: Նա պատրաստ է անգամ գդալով պատառը խցկել բերանդ` ապացուցելու համար, որ իր եփածը համեղ է: Կարինե Ասատրյան Բուրսա

No comments: