Thursday, January 7, 2010

Թուրքիայի իշխանությունները դեն են նետում դիմակները. Ոչ մի ժողովրդավարական նախաձեռնություն մինչեւ վերջ չի հասցվել

News.am. 6-1-2010- Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից դեկտեմբերի 11-ին փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին անդամ պատգամավորները եւ անկախ պատգամավոր Ուֆուք Ուրասը «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կազմում առաջին խորհրդակցությունն են անցկացրել։ Թուրքական Ihlassondakika կայքէջի փոխանցմամբ՝ խորհրդարանում հիշյալ կուսակցության խմբակցության ժողովին խոսել է կուսակցության առաջնորդ Դեմիր Չելիքը։ Վերջինս քննադատության է ենթարկել Թուրքիայի ներկա իշխանություններին՝ մեղադրելով նրանց տեղի ունեցող բացասական երեւույթների համար։ «2.5 միլիոն քվե ստացած կուսակցություն են փակում, yնտրված քաղաքապետերին բանտեր են նետում։ Պետական մենաշնորհային հիմնարկների աշխատակիցների հետ իշխանությունը ամենակոշտ ձեւով է վարվում։ Եւ այս ամենը ժողովրդավար „Արդարություն եւ զարգացում“ կուսակցության ղեկավարության օրօք»,- արձանագրել է Չելիքն ու հավելել. «2009 թվականը եղավ դիմակների պատռման տարի։ „Արդարություն եւ զարգացում“ կուսակցությունը մի նպատակ ունի՝ պահպանել իր իշխանությունը։ Քրդերի ազատասիրական ուժը ցրելու համար՝ իշխող կուսակցությունն ամեն քայլ օգտագործում է: Քրդերին բանտեր է նետում, գործադուլ անող աշխատողներին արցունքաբեր գազով է ցրում։ Իշխանությունը ամեն տեղ ձեռքը գցում է, սակայն ոչինչ չի անում, եւ սա է նրա քաղաքական տակտիկան։ Քրդական հարցի կարգավորման նախաձեռնություն, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնություն, Ալեւիների հարցի կարգավորման նախաձեռնություն, լավ մինչ հիմա իշխող կուսակցությունը ո՞ր նախաձեռնությունն է արդյունքի հասցրել»-հայտարարել է «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահը։ Հիշեցնենք, որ 2009 դեկտեմբերի 11-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց փակել «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը, 5 տարով քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից զրկեց այդ կուսակցության 37 անդամի՝ այդ թվում երկու պատգամավորի՝ կուսակցության նախագահ Ահմեդ Թուրքին եւ կին պատգամավոր Այսել Թուղլուկին։ 2 պատգամավորների մանդատների վայր դնելով կուսակցությունը զրկվում էր խորհրդարանում խմբակցություն կազմելու հնարավորությունից, սակայն քուրդ պատգամավորներին օգնության հասավ Ստամբուլից ընտրված անկախ պատգամավոր Ուֆուք Ուրասը, որի հետ էլ քուրդ պատգամավորները հնարավորության ստացան կազմելու խորհրդարանական նոր խմբակցություն։ Փակված «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության անդամները ներկայումս անդամագրվել են «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը։

No comments: