Wednesday, October 14, 2009

ԻՆՉԻՑ ՉԷՐ ԺՊՏՈՒՄ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ, Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն ժպտում էր բարկությունից: Եթե հետեւենք Շարմազանովի տրամաբանությանը, ապա Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մռայլ եւ սառը դեմքն էլ արտահայտում էր նրա երջանիկ լինելը: Ավելին, միգուցե Էդվարդ Նալբանդյանն էլ, եթե շարունակենք մնալ նույն տրամաբանության մեջ, տեսնելով, որ Դավութօղլուն իր բարկությունը ժպիտով է արտահայտում, գցել-բռնել է, որ իրեն մնում է երջանկությունն արտահայտել մռայլ եւ սառը դեմքով, որպեսզի հանկարծ Շարմազանովը, կամ այդօրինակ մտածողության հակված այլ մարդիկ չմտածեն, թե ինքն էլ Դավութօղլուի նման բարկացած է: Չի բացառվում իհարկե, որ Դավութօղլուն է նայել Նալբանդյանի երջանկությունից մռայլված դեմքին եւ զայրույթից սկսել է ժպտալ: Անկասկած զայրացած էին նաեւ Քուշները, Քլինթոնը, Լավրովը մի քիչ, որ ժպտում էին Դավութօղլուի պես: Իսկ ԵԽ հանձնակատար Խավիեր Սոլանան ըստ երեւույթին ընկել էր նյարդային ցնցման մեջ, ինչն ակնհայտ էր դառնում Էդվարդ Նալբանդյանի դեմքի հանդեպ նրա ձեռնմխումներից: Կամ էլ Սոլանան մի քիչ երջանկություն էր ուզում Էդվարդ Նալբանդյանի մռայլ եւ սառը դեմքից: Խնդիրն այդ ամենում այն է, որ եթե որոշ մարդկանց դեմքերից կարելի է ինչ որ բաներ հասկանալ, թեկուզ սխալ, ապա կան մարդիկ, որոնք մտքերը նույնիսկ սխալ հասկանալն է դժվար, քանի որ այդ մտքերն ընդհանրապես հասկանալի չեն: Ընդ որում, Հայաստանի իշխանական շրջանակներում այդպիսի մարդիկ կազմում են գրեթե բացարձակ մեծամասնություն: Այդ իսկ պատճառով, Հայաստանի իշխանության համար գրեթե ֆանտաստիկայի ոլորտից է սեփական քայլերի փաստարկված հոդաբաշխ բացատրությունն ու արդարացումը: Դրա համար էլ լրջագույն իրավիճակները մեկնաբանվում են այդօրինակ պարզունակ խոսքերով, որ իբր եթե նրանք ժպտում էին, իսկ մենք ոչ, ուրեմն մենք երջանիկ ենք, իսկ նրանք բարկացած: Կամ եթե ադրբեջանցիները դժգոհ են, ուրեմն մենք գոհ պիտի լինենք: Բայց չէ որ եթե Դավութօղլուն բարկությունից ժպտում է, ուրեմն Ալիեւն էլ երջանկությունից է, որ չի ժպտում, ինչպես Էդվարդ Նալբանդյանը:

No comments: