«ԱԶԳ», 14-10-2009- Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ` Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների մոսկովյան հանդիպման (սա 2 նախագահների 7-րդ հանդիպումն է այս տարում) ընթացքում Մեդվեդեւն ասել է. «Ցավոք` ճգնաժամը ոչ ոքի չի խնայում, եւ մեր ապրանքաշրջանառությունը եւս վերջին ժամանակներս նվազել է, ինչն իհարկե, հաճելի չէ: Ես նայել եմ ապրանքաշրջանառությանը վերաբերող թվերը` այնտեղ դրամատիկ փոփոխություններ չկան, բայց եւ այնպես նշանակալի անկում է` գրեթե 20 տոկոս»: Մեդվեդեւն ասել է, թե դա տհաճ է, եւ պետք է մտածել` ինչպես լրացնել այդ բացը, քանի որ առեւտրատնտեսական գործակցության տեմպերի պահպանումը կարեւոր է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի համար: Ընդհանուր առմամբ այնքան էլ վատ չհամարելով գործակցությունը տարբեր հարցերում` Մեդվեդեւն ասել է. «Եթե խոսենք հումանիտար կապերի մասին, ապա Դուք ինքներդ մեծ ներդրում ունեք այդ կապերի զարգացման հարցում. Դուք եղել եք Օրենբուրգում, այցելել եք Դոնի Ռոստով, որքան տեղյակ եմ` պատրաստվում եք այցելել Կալինինգրադ: Մեզ համար հաճելի է, որ Դուք հանդիպումներ եք ունենում մարզերում, շփվում եք Սփյուռքի հետ: Ինձ թվում է` այս ամենն օգտակար է մեր հարաբերությունների համար, եւ նմանատիպ կապերը, որոնք ունեն նաեւ տարածաշրջանային բնույթ, ամբողջության մեջ էապես ամրապնդում են նաեւ ռուս-հայկական երկխոսությունը: Ես Ձեզ ջերմորեն ողջունում եմ: Հնարավորություն ունենք բոլոր հարցերում խորհրդակցելու»: Նախագահ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի եւ հրավերի համար, ասել է. «Վստահարժան քաղաքական երկխոսությունը մեր հարաբերությունների շարժիչ ուժն է: Նման` ոչ ֆորմալ երկկողմ հանդիպումը շատ լավ ձեւաչափ է`քննարկելու մեր փոխհարաբերությունների ողջ համալիրը: Վերջին երկու-երեք տարիների ընթացքում կատարված ծավալուն աշխատանքն, իմ կարծիքով, մեզ թույլ է տվել ինչպես տնտեսության, այնպես էլ ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական հարաբերությունններում, հումանիտար ոլորտում մոտենալ որակապես նոր քայլերի»:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մեդվեդեւին` ԼՂ խնդրի լուծման գործում անձնական մասնակցության համար եւ ոչ միայն. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը եւ անձամբ Ձեզ` Թուրքիայի Հանրապետության հետ մեր հարաբերությունների զարգացման հարցում աջակցության համար: Ռուսաստանի արտգործնախարի ներկայությունը ստորագրման արարողությանը մեկ անգամ եւս խոսում է այն մասին, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում ձգտում է խաղաղության եւ ամուր անվտանգության: Ես ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար եւ կարծում եմ, որ այսօրվա խոսակցությունը մեծ ներդրում կունենա մեր հարաբերությունների զարգացման համար»:
Երկու նախագահների առանձնազրույցի ընթացքում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող համալիր խնդիրների քննարկումից բացի` նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հրատապ խնդիրներին, քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, երկու առանձին գործընթացներին վերաբերող հարցեր, ապա եւ տնտղել են հեռանկարային ներդրումային նախագծերի խնդիրը: Հատուկ անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ շրջանակում երկու երկրների փոխգործակցությանը եւ արագ արձագանքման ուժերին` մոտ օրերին Ղազախստանում մեկնարկող «Փոխգործակցություն-2009» զորավարժությունների համատեքստում:
Wednesday, October 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment