Monday, October 26, 2009

ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ

կամ Հայոց պետական այրերի մեղքերի սրբագրման նոր միջոց Հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրմամբ հասարակական լայն քննարկումների մեկնարկից հետո մեջտեղ եկան մի շարք հարցադրումներ, որոնց նկատմամբ հանրությունը մինչ այդ ոչ միայն անտարբեր էր, այլև անտեղյակ։ Դրանցից էին, օրինակ, 1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, սահմանների ճանաչման կամ չճանաչման իրավական մեխանիզմները, այս կամ այն պետությանը իրավահաջորդ լինելու խնդիրը և այլն։ Ներկա հոդվածում մեր կողմից անդրադարձ է կատարվելու մինչ այժմ շատերի համար այդպես էլ չպարզաբանված մի երևույթի, կամ, ավելի ճիշտ՝ մեկ հարցական նախադասության. ներկայիս ՀՀ-ն իրավահաջորդն է ՀԽՍՀ-ի՞, թե Հայոց առաջին Հանրապետության։ Իրավամբ, մինչ այժմ հայ հասարակությունը իր պետության իրավահաջորդության նկատմամբ ունի նման անորոշ գիտելիքիներ, և փաստն ինքնին մտահոգիչ է։ Սակայն երբ այդ անորոշությունն արդեն տարածվում է պետության ղեկավար շրջանակներում՝ ընդհուպ մինչև Նախագահ և վարչապետ, ապա այս ամենն արդեն խոսում է բոլորովին այլ բանի մասին։ Կարելի էր ինչ- որ կերպ չմտահոգվել այս ամենի հետ կապված և հանդուրժել անտեղյակության նման առկայությունը մեր հասարակության, ինչպես նաև այդպիսի հասարակությունից ծնված ղեկավար շրջանակների մոտ, եթե այդ իրավահաջորդության խնդիրն անմիջական առնչություն չունենար մեր հայրենիքի մի խոշորագույն մասի կորստի, մեր ժողովրդի նույնչափ մասի հայրենազրկման և ՀՀ անվտանգությանն առնչվող մի շարք խնդիրների հետ։ Նախ՝ այն մասին, թե իրավահաջորդ ենք, թե ոչ։ «5 անգամ ԽՍՀՄ-ը ճանաչել է Կարսի պայմանագիրը։ Իսկ մենք, դառնալով ԱՊՀ անդամ (ՄԱԿ-ը դեռ թողնենք մի կողմ), պարտավորվել ենք իրավահաջորդը լինել ԽՍՀՄ-ի կողմից կնքված բոլոր պայմանագրերի», մեջբերումը ՀՀ Նախագահի՝ վերջերս Հանրային Խորհրդում ունեցած ելույթից է։ Վերջին շրջանում վարչապետի մակարդակով պաշտոնապես հնչեցվեց այն միտքը, որ մենք իրավահաջորդն ենք Խորհրդային Հայաստանի։ Վերջիններիս հետևեցին արդեն իշխող կուսակցության (ՀՀԿ) և վերջիններիս սատարող ուժերի ներկայացուցիչների նմանատիպ հայտարարությունները։ Նախ նշենք, որ ոչ Անկախության մասին հռչակագրի, ոչ ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված սկբունքներում չկա հիշատակում այն մասին, որ անկախացած ՀՀ-ն ՀԽՍՀ-ի իրավահաջորդն է։ Չէր էլ կարող այդպես լինել, քանի որ ՀԽՍՀ-ն միջազգային իրավունքի տեսանկյունից չէր կարող համարվել պետություն, քանի որ վերջինս ոչ թե անկախ և ինքնուրույն քաղաքականություն վարող պետություն էր, այլ՝ մեկ կենտրոնի կողմից ղեկավարվող և չճանաչված մի կազմավորում։ Դրա վառ ապացույցն է այն հանգամանքը, որ ՀԽՍՀ-ն տեղ չուներ ոչ ՄԱԿ-ում, ոչ էլ միջազգային որևէ այլ կազմակերպությունում։ Հետևաբար՝ վերջինս չէր կարող իր գոյության դադարումից հետո նորաստեղծ ՀՀ-ն թողնել որպես ժառանգություն։ Հայաստանն իր պատմության մեջ ունեցել է միջազգայնորեն ճանաչված և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան սահմանները որոշած (Հայաստանի խորհրդայնացման պատճառով, ցավոք, Թուրքիայի հետ այդ սահմանները չկենսագործվեցին, իսկ Վրաստանի և Ադրբեջանի հետ Ազգերի Լիգայի Գլխավոր խորհուրդը, որին լիազորված էր սահմանագծումը, և, որը պետք է իրականացներ այն՝ ելնելով ազգագրական պատկերից, նույնպես չիրագործվեց) մեկ Հանրապետություն, որը հանդիսանում է Հայոց առաջին Հանրապետությունը։ Հետևաբար՝ ՀՀ-ն միմիայն կարող է հանդիսանալ ա’յս պետության իրավահաջորդը։ Իսկ հռչակագրում (23 օգոստոսի, 1990թ.) իր հերթին հստակորեն ամրագրված է հետևյալը. «զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները», այստեղ ոչ մի խոսք չկա Խորհրդային Հայաստանի մասին։ Իսկ նորանկախ ՀՀ-ի սահմանադրությունը հիմնված է Հայաստանի անկախության մասին հռչակագրի վրա։ Անդրադառնանք Ակախ պետությունների հանրակցության մասին Ալմա Աթայի Հռչակագրին (21 դեկտեմբերի, 1991թ.). «... Անկախ պետությունների հանրակցության կազմավորումով Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը դադարեցնում է իր գոյությունը։ Հանրակցության մասնակից պետություններն իրենց սահմանադրական արարողակարգերին համապատասխան երաշխավորում են նախկին ԽՍՀ Միության պայմանագրերից ու համաձայնագրերից բխող միջազգային պարտավորությունների կատարումը»։ ԽՍՀՄ-ը կազմավորվել է 1922թ. դեկտեմբերի 30-ին, հետևաբար՝ 1990-1991թթ. անկախացած (իրավական տեսանկյունից ավելի ճիշտ ձևակերպում կլինի վերանկախացած տերմինը) ՀՀ-ն Ալմա Աթայի պայմանագրով երաշխավորում է միմիայն 1922թ. դեկտեմբերից մինչ 1991թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ԽՍՀՄ-ի, կրկնում ենք՝ միմիայն ԽՍՀՄ-ի կողմից կնքված պայմանագրերից ու համաձայնագրերից բխող միջազգային պարտավորությունների կատարումը։ Մոսկվայի, Կարսի պայմանագրերը կնքվել են 1921թ. ընթացքում, նախքան ԽՍՀՄ կազմավորումը, հետևաբար՝ ՀՀ-ն, ստանձնելով ԽՍՀ Միության պայմանագրերից ու համաձայնագրերից բխող միջազգային պարտավորությունների կատարման երաշխավորողի դերը, իրավասու չէ այդ ամենը տարածել Կարսի պայմանագրի վրա։ Ավելին՝ Ալմա Աթայի պայմանագրում խոսքը վերաբերում է միմիայն ԽՍՀՄ-ի կողմից կնքված պայմանագրերին ու համաձայնագրերին, այլ ոչ թե վերջինիս կազմում գտնվող առանձին ԽՍՀ-ների, տվյալ պարագայում՝ ՀԽՍՀ-ի։ Իսկ, ինչպես առկա է Կարսի պայմանագրում, վերջինիս տակ գոնե իրավաբանորեն դրված է ՀԽՍՀ ներկայացուցչի ստորագրությունը։ Հետևաբար՝ ներկա ՀՀ-ն իրավասու չէ երաշխավորել Կարսի պայմանագրից բխող միջազգային պարտավորությունների կատարումը։ Անդրադառնանք այն հարցին, որ, ինչպես նշում է ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանը, ԽՍՀՄ-ը հինգ անգամ ճանաչել է Կարսի պայմանագիրը։ Այս առթիվ խոսենք երկու տեսանկյունից։ Նախ՝ նորից վերընթերցենք Ալմա Աթայի հռչակագիրը, որտես հստակ նշված է ԽՍՀ Միության պայմանագրերից ու համաձայնագրերից բխող միջազգային պարտավորությունների կատարումը երաշխավորելու մասին, այլ ոչ թե ԽՍՀՄ-ի կողմից ճանաչված պայմանագրերի ու համաձայնագրերի մասին։ Սրանք տարբեր բաներ են։ Եթե խոսքը գնար նաև ԽՍՀՄ-ի գոյության շրջանից առաջ եղած և ԽՍՀՄ-ի կողմից ճանաչված պայմանագրերի մասին, ապա այդ մասին հարկ է, որ նշվեր հռչակագրում։ Սա՝ մի կողմից։ Անդրադառնանք այն պնդմանը, թե ԽՍՀՄ-ն իրոք ճանաչե՞լ է (և այն էլ հինգ անգամ) Կարսի պայմանագիրը։ Իրականության մեջ եղել են մի քանի հայտարարություններ, երբ Խորհրդային Միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որի մեջ հստակորեն նշվել է ԽՍՀՄ-ի՝ Թուրքիայից տարածքային պահանջներ չունենալու մասին (այդպիսի վերջին պայմանագիրն սորագրվել է 1978թ.)։ 1967թ. փետրվարի 28-ին ԽՍՀՄ-ը և Թուրքիան ստորագրում են սահմանազատման մասին նոր պայմանագիր, որի համար ստեղծվում է հանձնաժողով։ Սակայն 1974թ. սկզբին, երբ պետք է ստորագրվեր պայմանագիրը, հայկական կողմի ներկայացուցիչ գնդապետ Գ. Նալբանդյանը չի վավերացնում այն։ Հարց է առաջանում, եթե Խորհրդային Միությունը անվերապահորեն ընդունում էր Կարսի պայմանագիրը, ապա ինչո՞ւ էր կնքում նոր պայմանագիր՝ կազմավորելով սահմանազատման նորանոր հանձնաժողովներ։ Իրականությունն այն է, որ ԽՍՀՄ-ի կողմից Կարսի պայմանագիրը ճանաչող ոչ մի փաստաթուղթ մատնանշել հնարավոր չէ. խորհրդաթուրքական սահմանը մինչև վերջ հանդիսացել է այն սահմանը, որը մինչ ԽՍՀՄ կազմավորումը ունեցել է ՀԽՍՀ-ն, և վերջինս, մտնելով ԽՍՀՄ կազմավորման մեջ (1922թ. դեկտեմբեր) այն ինքնաբերաբար վերածել է ԽՍՀՄ-Թուրքիա սահմանի։ ԽՍՀՄ-Թուրքիա սահմանազատման բոլոր փորձերն ու աշխատանքները մինչև վերջ չեն հասել իրենց ավարտին։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ՀՀ-ն որպես ՀԽՍՀ-ի իրավահաջորդ պետության հայտարարությանն ի արձագանք, միջազգային իրավունքի լավագույն գիտակ Արա Պապյանը հարցադրում ուղղեց. «Եթե մենք ՍՍՀՄ իրավահաջորդն ենք, ինչո՞ւ չենք իրավահաջորդել նրա տեղը և քվեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում»։ Որքան ինձ հայտնի է՝ վարչապետի կողմից պարզաբանումներ չեղան։ Պարզաբանենք՝ անդրադառնալով կրկին Ալմա Աթային։ Հռչակագրի շրջանակներում նորանկախ պետությունների ներկայացուցիչները նույն օրը կնքում են մի շարք պայմանագրեր, վավերացնում մի շարք արձանագրություններ։ Անկախ պետությունների հանրակցության պետությունների ղեկավարների այդպիսի մի որոշմամբ (Ալմա Աթա, 1991թ. դեկտեմբերի 21) «Հանրակցության պետությունները Ռուսաստանին զորավիգ են այն բանում, որ նա շարունակի ԽՍՀՄ-ի անդամակցությունը ՄԱԿ-ին, ներառյալ մշտական անդամակցություն անվտանգության խորհրդին և մյուս միջազգային կազմակերպություներին»։ ԱՊՀ ղեկավարներն այդպիսի որոշման էին հանգել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՄԱԿ-ի սկզբնական անդամներ են եղել Բելոռուսի հանրապետությունը, ԽՍՀՄ-ը և Ուկրաինան»։ Ինչպես գիտենք, ԽՍՀՄ-ը, Ուկրաինան և Բելոռուսը ՄԱԿ-ի անդամ են դարձել վերջինիս ստեղծման օրը՝ 1945թ. հոկտեմբերի 24-ին (ի տարբերություն Ուկրաինայի և Բելոռուսի, նախկին միութենական բոլոր հանրապետությունները ՄԱԿ-ի անդամ են դարձել ԽՍՀՄ փլուզումից հետո՝ որպես ինքնիշխան պետություններ)։ Ուկրաինան և Բելոռուսը ԽՍՀՄ-ի փլուզումի օրերին և հետագայում շարունակում են իրենց անդամակցությունը ՄԱԿ-ին՝ այժմ ԽՍՀՄ-ից առանձնացած, ինքնիշխան պետություններ։ Իսկ ահա Ռուսաստանը, որը ՄԱԿ-ի անդամ էր ոչ թե ուղղակի, այլ՝ ԽՍՀՄ-ի «տեսքով», ԽՍՀՄ-ի տեղը և նրա մշտական անդամակցությունը ՄԱԿ-ում և անվտագության խորհրդում զբաղեցնելու համար հարկ էր, որ շարունակեր վերջինիս իրավահաջորդությունը, որն այդպես էլ եղավ։ Լրացուցիչ նշենք, որ, օրինակ, Եվրոպական ընկերակցությունն ու Եվրոպական համայնքը Ռուսաստանին ճանաչել են միմիայն որպես ԽՍՀՄ իրավահաջորդ։ Այդ առթիվ՝ Արևելյան Եվրոպայի նոր պետությունները, այդ թվում՝ Խորհրդային միության տրոհվելու հետևանքով գոյացածները ճանաչելու պայմաններն առաջ էին քաշվել Եվրոհամայնքի անդամ երկրների արտգործնախարարների 1991թ. դեկտեմբերի 16-ին կայացած հանդիպման ընթացքում։ Կարճ ժամանակ անց՝ Նիդեռլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունը Եվրոհամայնքի անունից հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Ռուսաստանը նախկին Խորհրդային միության իրավահաջորդն է լիակատար ծավալով, այդ թվում և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մշտական անդամի տեղը նրա կողմից պահպանելու հարցում։ Տվյալ հայտարարությունը Եվրոհամայնքում դիտվում էր որպես ինքնաբերաբար Ռուսաստանյան Ֆեդերացիայի ճանաչում։ Այսինքն՝ պետություններից միայն Ռուսաստանին էր վերապահվում ԽՍՀՄ-ի իրավահաջորդը լինելու առաքելությունը։ Ռուսաստանը, բնականաբար ինքն էր շահագրգռված այդ հարցում, և ՄԱԿ-ում նախկին ԽՍՀՄ ներկայացուցիչ Վորոնցովը ՄԱԿ-ին պաշտոնապես տեղեկացրել է Ռուսաստանի նման որոշման մասին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին փոխանցելով Ալմա Աթայում կայացած վերոհիշյալ որոշումների փաթեթը։ Այսպիսով՝ ՀՀ պետական այրերի բոլոր այն հայտարարությունները, որ ներկա ՀՀ-ն հանդիսանում է ՀԽՍՀ-ի իրավահաջորդը, չունի ոչ մի իրավական հիմնավորում։ Եթե բերենք օրինակներ, կարող է այն անգամ զավեշտի վերածվել։ Օրինակ՝ Ճապոնիան ներկայումս չունի Ռազմական նախարարություն, որը բխում է նրա՝ 1945թ. սեպտեմբերի 2-ի կապիտուլյացիոն պարտավորվածություններից։ Հարց՝ եթե ներկայումս Ճապոնիան փորձի խախտել այն և ձեռնամուխ լինի այդ պետական գերատեսչության ստեղծմանը, ՀՀ իշխանությունները իրավասո՞ւ են դեմ կանգնել դրան։ Իհարկե՝ ոչ, եվ դրա իրավունքն ունի միմիայն ՌԴ-ն, որպես ԽՍՀՄ-ի լիիրավ իրավահաջորդ։ Եթե մենք հանդիսանում էինք ՀԽՍՀ իրավահաջորդը և անվերապահորեն ընդունել էինք Կարսի պայմանագիրը, հետևաբար և՝ ճանաչել Թուրքիայի հետ շփման ներկա փաստական սահմանը, ապա ինչո՞ւ էր հայ ժողովուրդը 1993թ. ի վեր աղաղակում, թե Թուրքիան սահմանը փակել է, և բացման նախապայմաններից մեկն էլ ՀՀ-ի կողմից սահմանը ճանաչելն ու հողային պահանջներից հրաժարվելն է։ Կամ ինչո՞ւ էր Թուրքիան ավելի քան մեկուկես տասնամյակ ՀՀ-ի հետ հարաբերություններ հաստատելու հիմքում դնում սահմանների ճանաչման նախապայմանը. «... պետությունների միջև նորմալ կապեր կարող են լինել միայն փոխադարձ հարգանքի հիման վրա։ Բնականաբար, դրան չի նպաստում այն փաստը, որ մի կողմը, իր պատմական հետազոտությունների հիման վրա, մշտապես կասկածի տակ է առնում սահմանների հարցը։ ... Եթե այդ հարցն ինչ-որ կերպ պարզվի, և պատգամավորները հստակ ճշտեն իրենց դիրքորոշումը՝ գոյություն ունեցող սահմանների անձեռմխելիության ոգով, ապա, համոզված եմ, հարաբերությունների զարգացումն ավելի կաշխուժանա», սրանք ԽՍՀՄ-ում Թուրքիայի դեսպան Վոլքան Վուրալի խոսքերն են՝ ասված 1991թ. նոյեմբերին՝ հայ լրագրողին։ Ավելացնենք, որ 2009թ. օգոստոսի 31-յան հայ-թուրքական զույգ արձանագրություններով ՀՀ-ն, ի վերջո, լիովին բավարարեց Թուրքիայի պահանջները՝ ճանաչելով գոյություն ունեցող սահմանները և վերացնելով Թուրքիային այդքան մտահոգող «հայկական կասկածները»։ Մնում է հաջորդ քայլը, երբ հայ պատգամավորները «ճշտեն իրենց դիրքորոշումը», և Հայաստանը լիովին կդառնա այնպիսին, ինչպիսին նրան ցանկանում էր տեսնել Թուրքիան՝ 1991 թվականից ի վեր։ Իրականում հայկական շրջանակների ներկա՝ ԽՍՀՄ կամ ՀԽՍՀ իրավահաջորդության մասին հայտարարությունները բխում են միայն այն հանգամանքից, որ ՀՀ ներկա իշխանությունները չունեն հայ-թուրքական փաստացի սահմանի ճանաչման իրենց տմարդի քայլի այլ հիմնավորումներ։ Եթե այդպիսի քայլ իրականացներ Վրաստանը և իրեն հայտարարեր ՎԽՍՀ իրավահաջորդ, լիովին հասկանալի կլիներ, քանի որ Վրաստանի ներկա տեսքը (ներառյալ Աբխազիան և Հարավային Օսեթիան), որով այն ճանաչում են աշխարհի մի շարք երկրներ, խորհրդային – կուսակցական նվերն է վրաց ժողովրդին։ Սակայն Վրաստանն, ինչպես գիտենք, ամենաուշը միացավ ԱՊՀ-ին (1994թ.) և դուրս եկավ ամենաշուտը (2009թ.)՝ իրեն հայտարարելով 1918թ. Վրաստանի Դեմոկրատական հանրապետության բացարձակ իրավահաջորդ, որով իսկ խոցելի դարձրեց իր սահմանները՝ կարճ ժամանակ անց հեռացնելով իրենից Աբխազիային ու Հարավայի Օիսային։ Իսկ ՀՀ իշխանությունները, անտեսելով Վրաստանի այս մոտեցումը, ինչպես նաև ելնելով ՀԽՍՀ-ին իրավահաջորդ լինելու սեփական թյուրըմբռնումից՝ մինչ օրս ՀԽՍՀ-ՎԽՍՀ սահմանի հիմքի վրա իրականացնում են սահմանագծման աշխատանքներ։ Մենք, սեփական անճարակությունից ելնելով, մեր կատարած պատմական մեղքը փորձում ենք բարդել Ալմա Աթայի Հռչակագրի վրա՝ չըմբռնելով, որ, հրաժարվելով Հայոց առաջին Հանրապետության իրավահաջորդը լինելու առաքելությունից, հրաժարվում ենք նաև պատմականորեն և իրավականորեն մեզ տրված հայրենիքի լրջագույն հատվածը ապագայում տնօրինելու իրավունքից։ Վահե ՍԱՐԳՍՅԱՆ «Միտք» վերլուծական կենտրոն 25.10.2009թ.

No comments: