Wednesday, October 21, 2009

ՖԻՖԱ–ն էր մեղավոր. Էրդողանն էլ անդրադարձավ «դրոշների պատերազմին»

Tert.am. 20-10-2009- «Թուրքիան Ադրբեջանի դրոշը և ադրբեջանական տարածքները համարում է նույնքան սուրբ, որքան Թուրքիայի տարածքներն ու դրոշն է» – հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ինչպես հաղորդում է Անադոլու գործակալությունը, շոշափելով Ադրբեջանի հետ հարաբերությունների թեման` վարչապետը նշել է, որ ինքը խոսել է ադրբեջանական խորհրդարանակնների հետ և գնահատական տվել Հայաստանի հետ ստորագրված Արձանագրություններին: «Ես նրանց բացատրել եմ, որ Թուրքիան երբեք Ադրբեջանի դեմ որևէ քայլ չի ձեռնարկի: Որոշ շրջանակներ փորձում են իրենց սադրանքներով մոլորության մեջ գցել ժողովրդին: Մեր ադրբեջանցի եղբայրները չպետք է տրվեն այդ սադրանքներին»,- նշել է Էրդողանը: Թուրքիայի վարչապետը նաև ասել է, որ Թուրքիան միշտ էլ հաշվի է առել Ադրբեջանի շահերը, իսկ Ադրբեջանի խնդիրներն ընդունել է որպես իր սեփական խնդիրներ: «Ադրբեջանի ուրախությունն էլ ավելի է ավելացնում Թուրքիայի խանդավառությունը»,- հայտարարել է նա: «Ոչ ոք իրավունք չունի խեղաթյուրել Թուրքիայի անկեղծ ջանքերն ու բարեկամական դիրքորոշումը: Ոչ ոք Թուրքիային կասկածի տակ դնելու իչավունք չունի»,- ընդգծել է Էրդողանը: «Այն, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության 7 տարիների օրոք վերջերս հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց է գրանցվում, հասկանելի է: Մենք արել ենք այն, ինչն անհրաժեշտ էր անել»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը` նշելով, որ Ադրբեջանի դրոշները Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղին բերելն արգելելու որոշումը պատկանում էր ՖԻՖԱ-ին:

No comments: