Wednesday, October 21, 2009

ՀՅԴ-ի ընդդիմադիր կեցվածքը վստահելի չէ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդի համար

«Ազատություն» 20-10-2009- Հայ Ազգային կոնգրեսի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ Դաշնակցության ընդդիմադիր կեցվածքը վստահելի չէ, քանի որ այդ կուսակցությունը երկար տարիներ օգտվել է իշխանության ընձեռած հնարավորություններից, պարբերաբար` ամեն ընտրությունից առաջ, ընդդիմություն է դարձել ու նորից մաս կազմել իշխանական կոալիցիայի: Հետեւաբար Դաշնակցության նախաձեռնություններին միանալու մտադրություն Արամ Սարգսյանը չունի: «Ես Դաշնակցությանը չեմ վստահում, քանի որ նա 10 տարի եւ ավելի օգտվել է իշխանության կերակրատաշտից, այսօր էլ չէր գնա այդ քայլերին, եթե իր կուսակցության կանոնադրության մեջ այդ ազգայինը գրված չլիներ: Ինչի՞ն վստահես եւ ինչպե՞ս վստահես», - ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը: Արամ Սարգսյանը նաեւ նշեց, որ ինքը Դաշնակցության հետ ոչ մի դեպքում ճանապարհ չի գնա, քանի դեռ «Հոկտեմբերի 27»-ի գործը չի բացահայտվել: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք «Հոկտեմբերի 27»-ի բացահայտման հետ կապված մեղքի իր բաժինը ունի նաեւ Դաշնակցությունը, Սարգսյանը արձագանքեց. - «Չեմ ուզենա մեղադրանքներ հնչեցնել, բայց չեմ ասի նաեւ, որ կասկածներ չունեմ»: Հարցին, թե ինչու Դաշնակցությունը չի շտապում պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ փորձում է Սահմանադրական դատարանում պայքարել հայ-թուրքական արձանագրությունների դեմ, Արամ Սարգսյանը պատասխանեց, թե «կցանկանար մտածել, որ Դաշնակցությունը պրագմատիկ է եւ սթափ է մտածում` հասկանալով, որ իր վարկանիշը 1 կամ 1,5% է, եւ որ նման աջակցության պայմաններում թերեւս նպատակահարմար էլ չէ իշխանափոխության խնդիր դնել»: «Անգամ «Հանրապետություն» կուսակցությունն իր նստացույցին ավելի շատ մարդ էր ունենում, քան Դաշնակցությունն իր հանրահավաքին: Հետեւաբար նման զանգված ունեցող կուսակցությունը պետք է համեստ լինի»: Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսի կողմից հանրահավաքների ժամանակավոր դադարին, Արամ Սարգսյանը վստահ է, որ իրենց այս մոտեցումը արդարացված է: - «Ես ինքս միանշանակ կողմ եմ եղել այդ դադարին, քանի որ այս ընթացքում շատ ավելի մեծ գործ ենք անում, քան հանրահավաքներ անելն ու ժողովրդին իշխանությունների թերությունները ներկայացնելը: Իսկ Կոնգրեսի համակիրներին խնդրում եմ մի փոքր էլ համբերել. գործընթացները զարգանում են բավական արագ, եւ փոփոխությունները շատ մոտ են»: Խոսելով Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության մասին` Արամ Սարգսյանը նշեց, թե նա «ինքը համոզված չէ, որ մինչեւ վերջ կպաշտոնավարի, քանի որ «նախ ընտրված նախագահ չէ, երկրորդ` անկեղծ չէ իր ժողովրդի հետ, եւ երրորդ` խնդիրները ներսում լուծելու փոխարեն, նա փորձում է դրսում լուծելով լեգիտիմություն եւ հեղինակություն ձեռք բերել»: «Հայ-թուրքական հաշտեցման գործընթացին անմիջապես հետեւելու են ղարաբաղյան գործընթացները: Ես ուզում եմ, որ փոխզիջումներ լինեն, եւ ոչ թե զիջումներ. եթե միակողմանի լինի, դա արդեն զիջում է, ես իսկապես վախենում եմ, որ այս հարցում Հայաստանը զիջումների գնա», - ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը:

No comments: