«Լրագիր» 21-10-2009- Հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարի ելած կուսակցությունների շրջանակից դժգոհություններ են հնչում Լեռնային Ղարաբաղի պասիվության կապակցությամբ: Մասնավորապես, հոկտեմբերի 16-ի ՀՅԴ հանրահավաքի ժամանակ կուսակցության ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը բավական հստակ հայտարարեց այդ մասին:
Թվում է, թե հայտարարությունը միանգամայն տեղին է, միանգամայն առարկայական եւ արդիական: Իսկապես, անհայտ է, թե ինչ է մտածում Ղարաբաղի իշխանությունը հայ-թուրքական հարաբերության ընթացքի մասին: Այդ ընթացքը բավական դինամիկ է եւ թերեւս կարիք կա, որ Ղարաբաղն ավելի հաճախ արձագանքի եւ գնահատի պրոցեսները, այդպիսով նաեւ առաջին հերթին փորձելով ներգրավվել տարածարջանային քաղաքականության մեջ, թեկուզ հայտարարությունների մակարդակով: Թեկուզ Ղարաբաղը պարբերաբար հայտարարի, որ հայ-թուրքական հարաբերությունն իրեն բացարձակապես չի էլ հետաքրքրում: Դա նույնպես դիրքորոշում է:
Բայց զարմանալի է, որ Ղարաբաղի իշխանության պասիվ եւ իներտ կեցվածքը զարմացնում է ՀՅԴ-ին: Այն ՀՅԴ-ին, որը բավական գործուն մասնակցություն է ունեցել այդ իշխանության ձեւավորման գործում, աջակցելով «միասնականության» այն «մթնոլորտի» ձեւավորմանը, որի պարագայում ԼՂՀ նախագահ դարձավ մինչ այդ ակտիվ եւ հրապարակային քաղաքականության հետ, եւ ընդհանրապես քաղաքականության հետ կարծես թե որեւէ կապ չունեցող Բակո Սահակյանը՝ Ղարաբաղի անվտանգության ծառայության ղեկավարը: Բա միթե կարելի է զարմանալ մի մարդու ակտիվության բացակայության վրա, որը երբեք էլ ակտիվ քաղաքականության մաս չի եղել, մասնակից չի եղել: Ընդհանրապես, ցանկացած անվտանգության ծառայության, այլ կերպ ասած ցանկացած կգբ-ական մարդու համար ակտիվ քաղաքականությունը պարզապես հակաբնական վիճակ է: ԿԳԲ-ական անձնավորության համար ակտիվությունը թերեւս առաջացնում է հոգեբանական դիսկոմֆորտ: Դա նորմալ եւ բնական է այն մարդկանց համար, ովքեր կամ անձամբ են հանդիսանում, կամ ղեկավարում են «անտեսանելի ճակատի մարտիկներին»:
Երբ այդօրինակ անձնավորության ԼՂՀ նախագահ դառնալու գործընթացին մասնակցում եւ աջակցում էր Դաշնակցությունը, արդյոք չէր մտածում, որ ակտիվանալ կա, բան կա, որ նախագահը պետք է ակտիվ քաղաքականությանը սովոր մարդ լինի, որը ավելի շատ հրապարակային գործունեությունը նախընտրի: Հիմա արդյոք անհիմն ու անտեղի չէ ՀՅԴ զարմանքը: Գուցե ժամանակին էր պետք մտածել այդ մասին: Չէ որ անկախ նրանից, թե ինչ կարող էր տեղի ունենալ հայ-թուրքական ուղղությամբ, միեւնույն է, Ղարաբաղին ակտիվություն է պետք, որպեսզի առաջ շարժվի նրա միջազգային ճանաչման գործընթացը: Միայն համանախագահների Ստեփանակերտ գնալ-չգնալը, կամ միայն ԱՄՆ Կոնգրեսի ամենամյա ֆինանսական աջակցությունը դեռ շատ քիչ են Ղարաբաղի միջազգային սուբյեկտության համար: Ավելին, սովամահ լինող Գազայի հատվածը գուցե թերեւս ավելի շատ միջազգային սուբյեկտ է, քան «միասնականության» պտուղները քաղող Լեռնային Ղարաբաղը:
Դա իհարկե չի նշանակում, որ Ղարաբաղն էլ պետք է կանգնի «սովամահ կամ ազատություն» ընտրության առաջ, պարզապես խնդիրն այն է, որ թերեւս պետք է քաղաքականություն եւ վարք փոխելուց առաջ մտածել արժեքներ եւ չափորոշիչներ փոխելու անհրաժեշտության մասին: Ղարաբաղի իշխանության պահվածքն այժմ միանգամայն բնորոշ եւ համարժեք է այն արժեքներին ու չափորոշիչներին, որոնց հիման վրա ձեւավորվել է այդ իշխանությունը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Thursday, October 22, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment