Thursday, October 22, 2009

ՔԱՐՇ ԳԱԼՈՎ ԿԵՆՑԱՂԻ ՀԵՏԵՎԻՑ

Ու այդպես շարունակ «Լրագիր» 21-10-2009- Հայաստանում կարծես թե այլեւս որեւէ նոր բան չի ասվում հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: Արդեն հստակ է, թե ով է կողմ, ով է դեմ, ինչի համար են կողմ, ինչի համար են դեմ: Հստակ է նաեւ, որ այդ բոլոր փաստարկները կամ մերկապարանոց պնդումները հասարակության վրա թողել են գրեթե զրոյական ազդեցություն: Կարծես թե աներկբա է նաեւ, որ հասարակության այդ գրեթե զրոյական արձագանքի պատճառն այն է, որ նրանք իշխանության թեկուզ մերկապարանոց պնդումների մեջ ավելի շատ են տեսնում իրենց կյանքի հետ դրանց կապը, քան հայ-թուրքական հարաբերության առկա գործընթացի ընդդիմախոսների փաստարկների մեջ: Օրինակ, երբ իշխանությունն ասում է, որ քաղաքացին ավելի լավ ապրելու հնարավորություն կունենա, եթե բացվի հայ-թուրքական սահմանը, ապրանքները ավելի կէժանանան, եթե բացվի սահմանը, ապա դա հանրապետության շարքային քաղաքացու վրա ավելի մեծ ազդեցություն է թողնում, քան օրինակ երբ ընդդիմախոսները հայտարարում են, որ հայ-թուրքական հարաբերության ներկայիս կարգավորման գործընթացի բովանդակությունը սպառնում է Հայաստան պետության քաղաքական եւ աշխարհաքաղաքական սնանկությամբ, Ղարաբաղի հարցում էական զիջումներով, Հայ դատի առումով պահանջատեր լինելու հնարավորությունների սահմանափակմամբ, ցեղասպանության հարցը քննարկման առարկա դարձնելու անարժանապատիվ հեռանկարով: Հանրապետության շարքային քաղաքացին այդ ամենից գուցե մտահոգվում է, գուցե այդ ամենի կապակցությամբ դժգոհ է, սակայն ի վերջո հաղթում է նրա կենցաղը, հաղթում է նրա անմիջական կյանքը եւ դրա հետ կապի որոնումը, որ քաղաքացին կամա, թե ակամա, ենթագիտակցորեն գտնում է իշխանության թեկուզ մերկապարանոց պնդումներում: Ինչն է դրա պատճառը: Պատճառը թերեւս մեկը չէ: Պատճառները շատ են: Դրանց մեջ է թե այն, որ նախագահի ընտրությունից հետո հանրության քաղաքական աննախադեպ ակտիվությունը բավական նվազել է, թե այն, որ կրկին որոշակի հիասթափություն եւ հուսահատություն է դրսեւորվում քաղաքական ուժերի հանդեպ, թե այն, որ Հայաստանի հասարակությունն անցած տարիների, գուցե տասնամյակների ընթացքում վարված տնտեսական, սոցիալական եւ մշակութային քաղաքականության հետեւանքով վերածվել է առավելապես կենցաղային ինքնագիտակցության վրա կառուցված հասարակության, որը ցանկացած հարց չափում է իր կենցաղով: Գուցե նաեւ դա միանգամայն բնական է բոլոր հասարակությունների համար, պարզապես դրսում կենցաղային հարցերը լուծված լինելով հանդերձ հանրային գիտակցության մեջ տեղը զիջում են այլ հարցերի էլ: Թեեւ իհարկե որեւէ կենցաղ թերեւս մինչեւ վերջ լուծված չի լինում նույնիսկ միլիոնատերերի պարագայում: Հազիվ թե հնարավոր լինի առաջիկայում փոխել հանրության վերաբերմունքը հայ-թուրքական արձանագրությունների հանդեպ: Միեւնույն է, դրանց վտանգները հասարակությունը իր վրա չի զգալու դեռ շատ երկար ժամանակ, գուցե կենցաղի իմաստով երբեք էլ չզգա: Իսկ ահա հայ-թուրքական սահմանի բացման, էժան ապրանքի մասին ցանկացած խոսակցություն կամա, թե ակամա ոգեւորելու է քաղաքացուն: Իսկ ինչ վերաբերում է այլ խնդիրներին, որ նա ունի, ապա քաղաքացու համար հայ-թուրքական սահմանը բաց լինի, թե փակ, միեւնույն է, այդ խնդիրները մնալու են անլուծելի: Համենայն դեպս այդպես է մտածում քաղաքացին, նայելով հայ-թուրքական արձանագրությունների դեմ բողոքող ամեն մի ուժի ու թերեւս խորհելով. «է եթե այս ուժը մի բան անելու ունակ լիներ, հենա ներքին կյանքում ինչ որ բան կփոխեր, ոչ թե կընկներ հայ-թուրքական արձանագրությունների հետեւից»: Այդպիսին է հասարակությունը, ու դրա համար նրան մեղադրել պետք չէ: Պետք է մեղադրել այն քաղաքական ուժերին, որոնք լինելով ընդդիմություն կամ իշխանություն, կամ մեկ ընդդիմություն, մեկ իշխանություն, կամ մեկ մեկ էլ ոչ ընդդիմություն, ոչ իշխանություն, հասարակությանը որեւէ կերպ հարկ չեն համարել տալ իրողությունների եւ երեւույթների գնահատման այնպիսի չափանիշներ, չափորոշիչներ ու արժեքային կողմնորոշիչներ, որոնք հիմնված լինեն կենցաղից մի քիչ ավելի բարձր հենքի վրա, որոնք իրենց հետեւից կքաշեն կենցաղը, ոչ թե քարշ կգան կենցաղի հետեւից: Հայաստանի այս կամ այն քաղաքական ուժը պարբերաբար ցանում է այն, ինչ հնձել է, բայց հետո հնձածը ոչ թե այրում է, որպես անպետք բերք, այլ կրկին ցանում է, հուսալով, որ հաջորդ անպետք պտուղն արդեն կքաղեն իր մրցակիցները: Այդպես շարունակ, արդեն մոտ 20 տարի: ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: