«ԱԶԳ», 22-10-2009- Թուրքիայի արդյունաբերության նախարար Նիհաթ Էրգունը Referans թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան եւ Իրանը պատրաստվում են ստեղծել միացյալ ազատ առեւտրի գոտի. «Թուրքական Իգդիր քաղաքի մերձակայքում, կարծում եմ, կլինի այն տարածքը, որտեղ երկու երկրների ընկերությունները կարող են ազատ ռեժիմով վաճառել նավթամթերքներ, էլեկտրաէներգիա տեխնիկական սարքավորումներ եւ այլն», հայտարարել է թուրք նախարարը: Նրա խոսքերով` համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն հաջորդ շաբաթ, վարչապետ Էրդողանի Թեհրան կատարելիք այցի ժամանակ. «Ընդ որում` Հայաստանն ու Սիրիան նույնպես կարող են միանալ նախագծին», շեշտել է Էրգունը:
Իրանական Press tv հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Թուրքիայում Իրանի դեսպան Բահման Հոսեինպուրան Թուրքիայի ներքին առեւտրի նախարար Զաֆեր Չագլեյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այս նախագծի նպատակն է ընդլայնել երկու երկրների միջեւ բեռնափոխադրումը: Դեսպանի խոսքերով` Իրանն ու Թուրքիան նախատեսում են մեծացնել երկկողմ ապրանքափոխանակությունը առաջիկա հինգ տարիներին, այն 2008-ին կազմել է 10 մլրդ ԱՄՆ դոլար: Թեհրանն ու Անկարան ուզում են նաեւ հանել բոլոր արգելքները ոչ ցամաքային փոխադրումների պարագայում:
Ինչ վերաբերում է Թուրքիա-Իրան-Իրաք առեւտրատնտեսական գոտու ստեղծմանը, Թուրքիայի արդյունաբերության նախարար Էրգունը դեռեւս սեպտեմբերին հայտարարել էր, որ այն կարող է դառնալ Մերձավոր Արեւելքի խոշորագույն տնտեսական բազան, ընդ որում նշելով, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են միանալ այդ նախագծին:
Thursday, October 22, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment