«ԱԶԳ», 14-10-2009- Իսրայելական «Հաարեց» թերթն իր հոկտեմբերի 12-ի համարում անդրադարձել է Ցյուրիխում ստորագրված Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություններին` «Սովորել թուրքերից» հակիրճ խմբագրականով:
Հրապարակման սկզբում թերթի խմբագիրը նախ շեշտում է երկու երկրների արտգործնախարարների մասնակցությամբ տեղի ունեցած պատմական պահի կարեւորությունը, որից հետո համառոտ ներկայացնում է երկու ժողովուրդների արդեն մեկդարյա թշնամության պատճառները, որ սկիզբ են առել «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության իրականացրած հայերի մասսայական կոտորածներից, որոնց հետեւանքներն առ այսօր կրում են սպանվածների ժառանգները»:
«Հայերը թուրքերից պահանջում են ընդունել ոճրագործությունները, մինչդեռ Թուրքիան իր երկրի մտավորականներին արգելում է անգամ կարեկցանք հայտնել հայերին կատարվածի համար: Թուրքիան պնդում է, որ հայերը սպանվել եւ աքսորվել են բախումների ժամանակ, եւ եթե նույնիսկ սպանվածները շատ են, միեւնույն է, նրանց թիվը չի անցնում 300 հազարից, իսկ հայերը իրենց բոլոր ուսումնասիրություններով, գրքերով, արվեստի ստեղծագործություններով ապացուցում են, որ կատարվածը ցեղասպանություն է` 1,5 մլն զոհերով: Վիճարկումները խոր վիհ են առաջացնում երկու երկրների միջեւ եւ մեծ վնաս հասցնում»: Խմբագիրը նաեւ նշել է, որ Թուրքիայի ժխտողական դիրքորոշումը կարող է վնասել նրան Եվրոմիության անդամ դառնալու հարցում եւ փչացնել հարաբերությունները Մ. Նահանգների հետ, իսկ տնտեսապես աղքատ Հայաստանին թողնել փակված սահմաններում:
Չնայած այդ ամենին, խմբագիրը գովելի է համարում, որ պատմական հարցերում դեռեւս ընդհանուր համաձայնություն ձեռք չբերած երկրները քայլ են անում երկկողմ հարաբերությունների զարգացման:
«Հաշտեցնումն ինքնին ավելի կարեւոր է, քան նրա բաղադրիչները, որ, անշուշտ, հետագայում ավելի ուժեղ բանավեճերի տեղիք կտան: Դա հաստատում է այն փաստը, որ երկարատեւ հակամարտություններն անգամ ենթակա են լուծման եւ իրական լիդերները պատրաստակամ են փոփոխության` հանուն ապագայի»:
Ամփոփելով վերլուծականըՙ թերթի խմբագիրը միտք է հայտնել, որ հայ-թուրքական հաշտեցման արձանագրությունները հրաշալի օրինակ են Իսրայելի եւ Պաղեստինի համար` ի վերջո կարգավորելու իրենց հարաբերությունները: «Թուրքերը, որոնց նախահայրերը Օսմանյան կայսրության ժամանակ մի քանի դար տիրապետել են մեր երկրում, մեզ համար հույսի պատուհան են բացում», գրել է «Հաարեցը»:
Մեր կողմից նշենք, որ գերմանացիներն իրենց օրինակով շատ ավելի վաղ են բացել այդ պատուհանը, պարզապես բարի կամքի ցանկությունն է պակասել Իսրայելին:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Wednesday, October 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment