Wednesday, October 14, 2009

Սարգսյանը Թուրքիայում կքննարկի արձանագրությունները վավերացման առնչվող հարցեր

«Ազատություն» 13-10-2009- Իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի կարծիքով, անցած շաբաթավերջին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը երկու երկրների խորհրդարանները կանդրադառնան, ամենայն հավանականությամբ, մինչեւ գալիք գարունը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը Զոհրաբյանը ասաց, թե նախագահ Սերժ Սարգսյանը ոչ միայն «լուրջ հիմքեր» չունի՝ մերժելու Թուրքիայի նախագահի հրավերը՝ միասին դիտել հոկտեմբերի 14-ին կայանալիք Թուրքիա - Հայաստան ֆուտբոլային հանդիպումը Բուրսայում, այլեւ այդ այցով երկու հարց է լուծում: Նախ, պահպանում է դիվանագիտական էթիկայի սկզբունքները, քանի որ Աբդուլա Գյուլը անցյալ տարի ընդունել էր Սերժ Սարգսյանի հրավերը եւ եկել էր Երեւան: Երկրորդը, ըստ Զոհրաբյանի, նախագահները կքննարկեն ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացը: «Սա մինչեւ պառլամենտների հաստատումը գուցե վերջին հանդիպումը լինի լիդերների», - ասաց ՀՀԿ-ի փոխնախագահը: - «Հանդիպման ընթացքում նաեւ խոսելու են հայ-թուրքական հարաբերություններից, թե ինչպես երկու պառլամենտներում հաստատել այս փաստաթուղթը: Նույնիսկ ժամկետների մասին կխոսեն, թե ինչ խելամիտ ժամկետներում գնալ հաստատման»: «Խելամիտ ժամկետը», ըստ Զոհրաբյանի, մինչեւ գալիք գարունն է: Նա չի բացառում, որ Թուրքիան ձգձգի գործընթացը: Չնայած Թուրքիայի փոխվաչապետը հայտարարել է, որ արձանագրությունները կարող են խորհրդարան ուղարկվել արդեն հաջորդ շաբաթ, ըստ Զոհրաբյանի՝ «այլ ուժեր էլ այլ բան են ասում»: Իսկ եթե գործընթացը ձգձգվի, ապա ՀՀԿ-ի փոխնախագահի համոզմամբ, Հայաստանը կարող է «միջազգային իրավունքի նորմերին համաձայն, անվավեր համարել այդ ստորագրված փաստաթուղթը»: Զոհրաբյանը ասաց նաեւ, որ առայժմ հայտնի չէ, թե Սերժ Սարգսյանը որ ճանապարհով է մեկնելու Բուրսա: Այդուհանդերձ, նրա կարծիքով, հազիվ թե նախագահը մեկնի Վրաստանի տարածքով, քանի որ «Թուրքիան Հայաստանի հետ սահման ունի՝ անկախ նրանից, այդ սահմանը բաց է, թե փակ»:

No comments: