Wednesday, October 14, 2009

ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՍԱՏԱՐԵԼ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

«ԱԶԳ», 14-10-2009-Շվեյցարիան պատրաստ է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ շարունակել միջնորդական ջանքերը, երկուշաբթիՙ հոկտեմբերի 12-ին Բեռնում լրատվամիջոցներին հայտնել է արտգործնախարարության քաղաքական բաժնի ղեկավար, դեսպան Թոմաս Գրեմինգերը , իրազեկում է «Շաֆֆհաուզեր նախրիշթն»-ը: Նախ կարգը երկրների խորհրդարաններինն է, այնուհետեւ ավելի ուշ չենք բացառում, որ Շվեյցարիան նորից միջնորդ կլինի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, ասել է դեսպան Գրեմինգերը: Ի թիվս ուրիշ աշխատանքներիՙ Շվեյցարիան կարող է սատարել պատմաբանների հանձնաժողովին, որ պիտի ուսումնասիրի Առաջին համաշխարհայինի ժամանակ հայերի կոտորածները: Հայերի տեսանկյունից կոտորածը ցեղասպանություն էր եւ 1915-16-ի բռնագաղթին 1,5 միլիոն հայ է զոհ գնացել: Թուրքերը գտնում են, որ մահացածների թիվը 200000 է, եւ չեն ընդունում, որ կատարվածը ցեղասպանություն է եղել: Արտգործնախարարության ցեղասպանության կանխարգելման հարցերով փորձագետ տիկին Բլիիքերը ընդգծել է, թե երաշխավորված է լինելու անկախ հանձնաժողովի մանդատը: Նպատակը ոչ թե պատմությունը նորից գրելն է, այլ պատմությունը միասին ընթերցելը, ասել է տիկին Բլիիքերը: Առանց այսպիսի վերանայմանՙ ներառյալ կատարողներին պատժելը եւ զոհերին փոխհատուցելը, հակամարտությունների վերաբռնկման վտանգը մեծ է, բացատրել է Գրեմինգերը: ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

No comments: