News.am. 14-10-2009- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կմեկնի Բուրսա, որտեղ աշխարհի առաջնության շրջանակներում տեղի կունենա Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը։ ՀՀ ղեկավարը եւ նրան ուղեկցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բուրսա կժամանեն Երեւանի ժամանակով մոտավորապես 18։00-ին։ Ընդհանուր առմամբ, նրանք Թուրքիայում կմնան 8-9 ժամ։
Խաղը միասին դիտելու համար ՀՀ նախագահին Թուրքիա է հրավիրել նրա թուրք գործընկեր Աբդուլահ Գյուլը։ NEWS.am-ի տվյալներով,երկու երկրների նախագահները դեմ առ դեմ զրույց կունենան, ենթադրաբար «Ալմիրա» հյուրանոցում։ Այնուհետեւ թուրքական կողմը, ի պատիվ հայ հյուրերի, ընթրիք կմատուցի։ Ընթրիքին հայ հյուրերին կպատվեն թուրքական հյուրընկալությամբ. կմատուցվեն շաքարապատ շագանակ եւ այլ ազգային ուտեստներ։
Հիշեցնենք, որ Երեւանում հավաքականի հետ առաջին հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունեցել 2008թ. սեպտեմբերի 6-ին Երեւանում, Հայաստանի հավաքականը պարտվել էր 0։2 հաշվով։ Այն ժամանակ Երեւանում խաղին հետեւում էր Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը։ Փոխայցելությունները եւ երկխոսությունը երկու երկրների միջեւ ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անունը։ Դրա նախաձեռնողը եղավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Թուրքիայի նախագահին Երեւանում տոլմա էին հյուրասիրել։
Ինչպես ավելի վաղ էր ասվել, մեր հավաքականին պատասխան խաղում դժվար փորձություն է սպասվում, չնայած այն բանին, որ թուրքերը կորցրել են Հարավ-աֆրիկյան հանրապետությունում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ուղեգիր ստանալու բոլոր հնարավորությունները։ Նրանք կորցրել են հնարավորությունը, բայց ոչ մոտիվացիան՝ հաշվի առնելով մի քանի փաստեր. Նրանք խաղում են տանը՝ իրենց երկրպագուների առջեւ, ուրեմն փորձելու են ամեն ինչ վերջացնել վերելքով։ Բացի այդ, պետք է հաշվի առնել նաեւ այն հակասությունները, որ կան Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ՝ կապված պատմական մի շարք իրադարձությունների եւ զարգացումների հետ։
Wednesday, October 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment