Wednesday, October 14, 2009

Թուրք փորձագետ. «Տեսնում եք, ես արտասանեցի ցեղասպանություն»

Tert.am. 14-10-2009- Եթե դիտարկենք թուրքական լրատվամիջոցները որպես երկրում հասարակական կարծիքի ձևավորման և ներկայացման հիմնական գործոններից մեկը, ապա կարելի է ասել, որ Թուրքիայի հասարակայնությունը ընդհանուր առմամբ կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը։ Այդ մասին, ինչպես հայտնում է Tert.am-ի թղթակիցը Բուրսայից, հայ գործընկերների հետ բանավեճի ժամանակ հայտնել է Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի տնօրեն Մենսուր Աքգյունը։ Ըստ վերջինիս՝ ստորագրված Արձանագրությունները պետք է վավերացվեն և «որքան արագ, այնքան ավելի լավ»։ Միևնույն ժամանակ, Աքգյունը նշել է, թե Թուրքիայի խորհրդարանը, դիտարկելով Արձանագրությունները, հաշվի է առնելու մի քանի գործոններ. «Նախ և առաջ, Ղարաբաղյան հարցը, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղին հարող տարածքները, քանի որ դա անհրաժեշտ է, որպեսզի գոհացնենք Ադրբեջանին և երկրի ներսում ազգայնական ուժերին։ Վերջիններս դեմ են Հայաստանի հետ մերձեցմանը միմիայն իշխող կուսակցությանը հակադրվելու համար»,- նշել է փորձագետը։ Թուրք խորհրդականների համար մեկ այլ կարևոր հարց է, ըստ Աքգյունի, տարածքային հավակնությունների հետ կապված վտանգը, որի «շուրջ ակնարկները պարբերաբար ջրի երես են դուրս գալիս»։ «Ինչ վերաբերում է Ցեղասպանության հարցին (տեսնում եք, ես արտաբերեցի ցեղասպանություն), ապա մեզ մոտ երկար ժամանակ դրա մասին չեն խոսել, դա հանցագործություն էր համարվում։ Հետո սկսեցին խոսել ԱՍԱԼԱ-ի և կամաց–կամաց նաև կատարված ողբերգության մասին»,- նշել է Մենսուր Աքգյունը։ «Այժմ, երբ գործի կարող են անցնել գիտնականները, հայ և թուրք հասարակությունը, ինչպես նաև սփյուռքահայությունը, որը ձևավորվել է Թուրքիայի երբեմնի բնակիչներից, պետք է պատրաստ լինեն, որ կարող են ի հայտ գալ պատմական նոր փաստեր»,- նշել է կենտրոնի տնօրենը։ Խոսելով երկու երկրների հարաբերությունների բարելավման արդյունքում ակնկալվող շահերի մասին՝ Աքգյունը Հայաստանի դեպքում մատնանշել է «տնտեսական շահերը»։ Իսկ Թուրքիայի համար Հայաստանի հետ մերձեցումը, ըստ վերջինիս, կարևոր է, քանի որ այն կնշանավորի կուլիսների հետևում տարվող պատերազմների ավարտը։ «Մինչ այսօր չինովնիկների ողջ էներգիան նպատակաուղղված էր Ցեղասպանության ժխտման վրա, այլ ոչ թե ներքին խնդիրների լուծմանը, ժողովրդավարացմանը»,- եզրափակել է Մենսուր Աքգյունը։

No comments: