«Լրագիր» 14-10-2009- Հայ-թուրքական հարաբերության համատեքստում քննարկվող թեմաներից մեկն այն է, թե արդյոք հարաբերության հաստատումից հետո Թուրքիան կհրաժարվի Կարս-Ախալքալակ երկաթուղու շինարարության մտքից: Բանն այն է, որ եթե բացվի Կարս-Գյումրի երկաթուղին, ապա Կարս-Ախալքալակի իմաստը պարզապես կորում է:
Այդպես են գնահատում իրավիճակը որոշ մեկնաբաններ: Այդ գնահատականը, որ առաջին հայացքից թվում է տրամաբանական, իրականում կարծես թե բացարձակապես չի համապատասխանում առկա իրադրությանը: Բանն այն է, որ Թուրքիան թերեւս միայն մի դեպքում կհրաժարվի Կարս-Ախալքալակից` եթե հայ-թուրքական հարաբերությանը “զուգահեռ” կարգավորվի նաեւ Ղարաբաղի հակամարտությունն ու Ադրբեջանը սկսի ենթակառուցվածքային առումով հարաբերվել Հայաստանի հետ: Հակառակ պարագայում Կարս-Գյումրի երկաթուղին չի կարող լինել այն, ինչ Կարս-Ախալքալակի իմաստն է:
Իհարկե, Կարս-Ախալքալակի բուն իմաստը համարվում էր Հայաստանի շրջափակման խորացումը, ինչը կարելի է անվավեր համարել հայ-թուրքական հարաբերության հաստատումից հետո, բայց, միամիտ կլիներ կարծել, որ միայն Հայաստանի շրջափակման խորացման համար թուրքերն ու ադրբեջանցիները ծախսեին այդքան միլիոններ: Երկաթուղին նրանց պետք էր նաեւ տարածաշրջանային զարգացումների վրա իրենց ազդեցիկությունը բարձրացնելու համար, ինչի պատճառով էլ, չնայած միջազգային հանրության ֆինանսական աջակցության բացակայությանը, թուրքերն ու ադրբեջանցիները որոշեցին այդուհանդերձ կառուցել երկաթուղին: Հետեւաբար, քիչ հավանական է, որ Կարս-Գյումրիի հնարավոր վերագործարկումը կանխի Կարս-Ախալքալակի իրագործման ուղղությամբ թուրք-ադրբեջանական ջանքը:
Այդ ամենից բացի, խնդիրն այն է, որ Թուրքիան հազիվ թե մտքում չունենա ապագայում Հայաստանի հետ հարաբերության վատացման եւ սահմանի փակման որեւէ տարբերակ: Կարս-Ախալքալակը Թուրքիային հնարավորություն կտա հանգիստ փակել Կարս-Գյումրին, եթե իրադարձությունները զարգանան այդ սցենարով, քանի որ կա Կարս-Ախալքալակը եւ Կարս-Գյումրիի փակումը կանդրադառնա Հայաստանի, բայց ոչ տարածաշրջանի վրա:
Այնպես որ, միամիտ է կարծել, թե թուրքական դիվանագիտությունը դրսեւորելու է ուղղագիծ եւ միագիծ մտածողություն ու դադարեցնելու է Կարս-Ախալքալակի կառուցումը, հրաժարվելու է այդ մտադրությունից: Միգուցե այն փոքր ինչ դանդաղի, առավել եւս, որ ֆինանսատնտեսական համաշխարհային ճգնաժամը գուցե զգալի ազդեցություն ունի նաեւ այդ նախագծի իրականացման վրա, քանի որ ամբողջ ծանրությունը թուրք-ադրբեջանական ուսերին է: Բայց միեւնույն է, եթե չի կարգավորվում Ղարաբաղի հակամարտությունն այնպես, ինչպես կկամենար թուրք-ադրբեջանական տանդեմը, ապա Կարս-Ախալքալակի մասին մոռանալու ակնկալիքը բացարձակ միամտություն է; Էլ չասած այն մասին, որ նույնիսկ ինչ որ կարգավորման դեպքում Կարս-Ախալքալակը կարեւոր է թուրք-ադրբեջանական մարտավարության տեսանկյունից, քանի որ նրանց համար տարածաշրջանում Հայաստանի հետ հարաբերության առումով ապահովում է զգալի ճկունություն եւ ազատություն:
Ավելին, պետք չէ նույնիսկ բացառել, որ Հայաստանն ապաշրջափակելուց հետո թուրքերը կարողանան միջազգային հանրությանը համոզել, որ Կարս-Ախալքալակն այլեւս չունի Հայաստանը մեկուսացնելու նպատակ, այլ ընդամենը լրացուցիչ ենթակառուցվածք է մոտ ապագայում տարածաշրջանային ջերմեռանդ եղբայրության անսահման բեռնաշրջանառությունը անխափան ապահովելու համար, եւ Կարս-Ախալքալակի կառուցման համար վերջապես կորզել այդքան անհրաժեշտ միջազգային միլիոնները:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Wednesday, October 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment