Thursday, October 22, 2009

Հայկ Քոթանջյան. Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների «վերաբեռնավորումը» Հարավային Կովկասում նկատելի է

Panorama.am 21-10-2009- Հարվարդի համալսարանի Սևծովյան ավազանի անվտանգության ծրագրի հոկտեմբերի 8-11-ը Մոսկվայում տեղի ունեցած տարեկան գիտա-կիրառական համաժողովի ժամանակ ներկայացրած զեկույցում ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը գոհունակություն է հայտնել այն առնչությամբ, որ ծրագրի ութամյա գոյության ընթացքում Ռուսաստանի մայրաքաղաքն առաջին անգամ է հյուրընկալում այս սեմինարը: Ըստ որում` Հայկ Քոթանջյանը նկատել է, որ այդ էստաֆետը Մոսկվային անցնում է Երևանից, քանի որ նախորդ տարի ծրագրի տարեկան համաժողովը կայացել էր Երևանում: Խոսելով միջոցառումը Մոսկվայում անցկացնելու մասին, գեներալ-մայոր Քոթանջյանն ասել է. «Դա ոչ միայն խորհրդանշական է, այլև` իր քաղաքական էությամբ, կարևոր : Միջազգային անվտանգության ժամանակակից ճարտարապետության ստեղծումն դժվար է պատկերացնել առանց Մոսկվայի և Վաշինգտոնի միջև արդյունավետ երկխոսության ու համագործակցության հաստատման»: Նրա խոսքով, ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա վերջին զարգացումները նոր հնարավորություններ են ստեղծում համաշխարհային, և առաջին հերթին` եվրոպական տարածության անվտանգությունն ապահովելու համար: «Կարևորն այն է, որ երկու երկրների ղեկավարներն էլ, հանդես գալով միջազգային հանրության առջև, որպես ժամանակակից միջազգային անվտանգության ձևավորման հիմք են դիտարկում այն սկզբունքը, որ մեկ սուբյեկտի անվտանգության ապահովումը չպետք է արվի մեկ այլ սուբյեկտի անվտանգության հաշվին: Եվ այժմ որպես միջազգային անվտանգության նոր համակարգի հիմք` առաջարկվում է դիտարկել ոչ թե «պատերազմի պարադիգմը», այլ` «խաղաղության պարադիգմը»»,- իր զեկույցում նշել է Հայկ Քոթանջյանը: Նա նշել է, որ նորացված այս մոտեցումը դրսևորվել է թե Պիտսբուրգում կայացած Քսանյակի գագաթաժողովի, թե ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի, թե Աքվիլայում Մեծ ութնյակի գագաթաժողովի, թե Ստրասբուրգում ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթաժողովի ընթացքում, և թե ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև Մոսկվայում կայացած երկկողմ բանակցությունների ժամանակ: Իր դիտարկումները պրոյեկտելով մեր տարածաշրջանի վրա` Հայկ Քոթանջյանը նկատել է, որ Հարավային Կովկասն այսօր անմիջականորեն ընդգրկված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ-ի ռազմավարական շահերի գոտում, հետևաբար` տարածաշրջանը շատ արագ է արձագանքում ուժային երկու կենտրոնների միջև փոխհարաբերությունների դրական տատանումներին: «Նախագահ Բարաք Օբամայի իշխանության գալուց հետո Ամերիկայի կողմից միջազգային հարաբերություններում «խելացի ուժին» մեծ նշանակություն տալը նախադրյալներ է ստեղծում Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության առավել հավասարակշռված համակարգ ձևավորելու համար»,- նշել է Հայկ Քոթանջյանը:

No comments: