Wednesday, November 4, 2009

Հայաստանում հանցագործությունների թիվը աճել է ավելի քան 57 տոկոսով, իսկ բացահայտումներինը՝ 9 տոկոսով

News.am. 4-11-2009- Հայաստանում հունվար-սեպտեմբեր ամիսներին ընդհանուր հանցագործությունների թիվը անցած տարվա նույն ժամանակահատված համեմատ աճել է ավելի քան 57 տոկոսով, իսկ բացահայտումները՝ 9 տոկոսով։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը՝ նշելով, որ հունվար-սեպտեմբերին ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում պահպանվել է օպերատիվ իրավիճակը եւ ապահովվել է կայուն հասարակական կարգ ու կանոնը։ Ըստ նրա՝ աճը պայմանավորված է հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր դեպքերի վերացմամբ։ Նախորդ տարիներին կատարված 2500 հանցագործություն էլ հայտնաբերվել ու հաշվառվել է այս տարվա 9 ամիսների ընթացքում։ Ըստ բնակչության թվի՝ հանցավորության գործակիցն աճել է. 100 հազար բնակչին բաժին է ընկել 333 հանցագործություն, նախորդ տարի այս ցուցանիշը 212 էր։ Ըստ Ս. Շիրինյանի՝ 37,7 տոկոսով աճել է ծանր, իսկ 30,3 տոկոսով առանձնապես ծանր հանցագործությունների թիվը, սակայն նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները։ Նվազել են նաեւ ավազակության ու տրանպորտային միջոց փախցնելու դեպքերը։ Այս տարի գրանցվել է զենքի ապօրինի շրջանառության 318։ Կամավոր հանձնվել է 975 միավոր հրազեն։ Հանցագործությունների բացահայտման ընդհանուր ցուցանիշը բարելավվել է 9 տոկոսով՝ կազմելով 77,8 տոկոս, նախորդ տարի այն 67,8 տոկոս էր։ 4,5 տոկոսով ավելացել են քրեական հետախուզության գծով բացահայտումները, ծանր հանցագործությունների բացահայտումների աճը կազմել է 1,5 տոկոս, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման աճը կազմել է 14,5 տոկոս։ Ս. Շիրինյանի խոսքով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության 815 դեպք է հայտնաբերվել, ինչը 406-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, արդյունքում առգռավվել է 28 կգ 490 գրամ թմրամիջոց։ Հանրապետության իրավապահ այլ համակարգերի հետ գործակցության արդյունքում հայտնաբերվել է կոռոպցիոն բնույթի 398 հանցագործություն. և 46 կաշառակերության դեպք։ Այս տարվա 9 ամիսների ընթացքում հայտնաբերվել է 1332 հետախուզվող։ Ս. Շիրինյանը նշեց, որ ոստիկանությունը 9 ամսվա ընթացքում հասարակական կարգ է պահպանել 1301 զանգվածային միջոցառման ընթացքում։ Ոստիկանության շարքերից կարգապահական տույժի արդյունքում հեռացվել է 33 աշխատակից։ Ընդհանուր առմամբ՝ կարգապահական տույժի են ենթարկվել 673 ծառայողներ, իջեցվել է 5 ոստիկանի պաշտոն, 8-ն էլ զրկվել են կոչումից։

No comments: