News.am. 4-11-2009- Հայ-թուրքական հարաբերությունների օրինաչափ կարգավորման գործընթացին Ռուսաստանի դրական վերաբերմունքի վկայությունը Ցյուրիխում երկու երկրների միջեւ արձանագրությունների ստորագրմանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունն է: Այդ մասին «Республика Армения» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը՝ ընդգծելով, որ Մոսկվան սրտանց ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դրական զարգացումները:
«Ե՜ւ Հայաստանը, ե՜ւ Թուրքիան մեզ բարեկամ երկրներ են, այդ պատճառով էլ շահագրգռված ենք նրանց միջեւ բարիդրացիության մթնոլորտի ստեղծմամբ»,- հայտարարել է Կարասինը, որի կարծիքով հարաբերությունների կարգավորումը կարող է օբյեկտիվորեն նպաստել Հարավային Կովկասում լարվածության նվազմանը, խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատմանը: Բացի այդ, նրա խոսքով, հայ-թուրքական կապերի առողջացումը կհանգեցնի երկկողմ տնտեսական կապերի լավացման, ինչն էլ իր հերթին դրականորեն կազդի երկու երկրների սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա:
«Ընդ որում, հայ-թուրքական պայմանավորվածություններից որեւէ մեկը չի կարող մեկնաբանվել որպես երրորդ կողմին վնասող»,- ընդգծել է փոխնախարարը:
Արձանագրությունների ստորագրումը Կարասինը համարում է հայ եւ թուրք գործընկերների՝ դժվարին հարցերի լուծման ուղղությամբ նպատակամղված եւ իրատեսական համատեղ աշխատանքի արդյունք, որը հաստատում է երկու երկրների վստահ դիրքորոշումը՝ գործը հանգեցնել բարիդրացիական հարաբերությունների հաստատման:
Ռուսաստանը, իր հերթին, պատրաստ է աջակցել կարգավորման գործընթացին՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցության ծրագրերի հետագա իրացման միջոցով. «Առաջին հերթին, դա վերաբերում է էներգետիկ եւ տրանսպորտային-հեռահաղորդակցության ոլորտներին: Ռուսաստանյան „Ինտեր ՌԱՕ-ԵԷՍ“ ընկերությունը, որը ձեռնարկություններ ունի Հայաստանում, մասնակցում է Թուրքիային էներգիա առաքելու գործում: „Ռուսական երկաթուղին“ պատրաստ է ապահովել երկու երկրների միջեւ երկաթուղային հաղորդակցությունը՝ Դողուկափի-Ախուրյան սահմանային անցման միջոցով»,- հայտնել է փոխնախարարը՝ հավելելով, թե կան եւ այլ հեռանկարային ծրագրեր, որոնց իրականացումը իրական դրական օգուտ կտա հայ եւ թուրք բնակչությանը:
Wednesday, November 4, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment