Thursday, November 12, 2009

ԹՈՒՐՔԻԱՆ ԳԻՏԻ, ՈՒՄ ՀԵՏ ԳՈՐԾ ՈՒՆԻ

Lragir.am- 12/11/2009 - Էմոցիայից եւ ազգայնական շեշտադրումներից բացի, այդպես էլ որեւէ մասնագիտական լուրջ քննարկում չծավալվեց հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական ասպեկտի վերաբերյալ: Այդ մասին նոյեմբերի 12-ին Իրավունք դե ֆակտո ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը, ով նշել է, թե Հրանտ Բագրատյանից բացի որեւէ մեկն այդ ուղղությամբ ուսումնասիրություն չի ներկայացրել: Մինչդեռ, ըստ կոնգրեսի անդամի, մենք գործ ենք ունենալու մի տնտեսության հետ, որն իր ՀՆԱ ծավալով աշխարհում 17-րդն է: Վահագն Խաչատրյանի խոսքով, ինքը չէր ցանկանա նաեւ, որ Թուրքիան “մեզ տեսներ այսպես թափթփված, անմխիթար վիճակով”: Խաչատրյանի խոսքով, Թուրքիան շատ լավ է տիրապետում, թե ում հետ գործ ունի, թե ինչ կոռումպացված է Հայաստանի իշխանությունն ու ինչպես կարելի է կաշառքով հարցեր լուծել: Վահագն Խաչատրյանը նույնիսկ մտավախություն ունի, որ թուրք բիզնեսմենները կաշառքի միջոցով Հայաստանում կարող են նույնիսկ մենատերեր դառնալ, քանի որ կաշառելու նրանց հնարավորությունները կլինեն ավելի մեծ: Վահագն Խաչատրյանը համարում է, որ Հայաստանը ոչ օրենսդրորեն, ոչ կառուցվածքային բարեփոխումների միջոցով չի փորձում իր տնտեսությունը մրցունակ դարձնել: Իսկ Հայաստանի տնտեսությունը թուրքականի հետ մրցունակ դարձնելու համար նախ եւ առաջ պետք է պայքարել օլիգոպոլիաների դեմ, հայտարարում է Վահագն Խաչատրյանը, ասելով, որ օրինակ թուրքական տնտեսությունում ծառուկյաններ, ալեքսանյաններ, սերժսարգսյաններ եւ ռոբերտքոչարյաններ չկան:

No comments: