Wednesday, November 4, 2009

ԱՄՆ ՀԵՐՔՈՒՄ Է, ԲԱՅՑ ԻՆՉ ՊԻՏԻ ԱՆԵՐ

«Լրագիր» 4-11-2009 - Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես հերքել է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Թինա Քայդենաուն Բաքվում Ադրբեջանին զգուշացրել է, թե պատերազմ սկսելու դեպքում ԱՄՆ կճանաչի Ղարաբաղի անկախությունը: Ի պատասխան Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայության հարցման, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներկայացրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան պարզաբանումն այն մասին, թե Քեյդենաուն այդպիսի բան Բաքվում չի ասել, այլ խոսել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն օժանդակելու ԱՄՆ պատրաստակամության մասին: ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին Քեյդենաուի իբր թե ասած խոսքի վերաբերյալ տեղեկատվություն տրածել էր Ադրբեջանի «Ենի Մուսավաթ» կուսակցության կայքէջը: Կայքէջը սակայն դա չէր ներկայացրել որպես Քեյդենաուի պաշտոնական հայտարարություն, այլ մատուցել էր որպես Ադրբեջանի իշխանության հետ ԱՄՆ դիվանագետի զրույցի «խոհանոցային» բովանդակություն: Պարզ է, որ ԱՄՆ իշխանությունը պաշտոնապես չէր կարող հաստատել այդպիսի տեղեկատվությունը: Չէր կարող նաեւ լռության մատնել, քանի որ դա կլիներ պաշտոնական հաստատում: Իսկ ԱՄՆ խնդիրը, բնականաբար, կոնկրետ դեպքում ոչ թե աշխարհին, այլ հենց Ադրբեջանին ինչ որ բան հասկացնելն է, եթե ենթադրենք, որ Քեյդենաուն իսկապես ասել է այն, ինչ տարածել է Ենի Մուսավաթը: Հետեւաբար ով պետք է, լսել է եւ գիտի այդ մասին, իսկ ով պետք չէ՝ կարիք չկա, որ լսի եւ իմանա: ԱՄՆ իշխանությունը թերեւս այդ տրամաբանությամբ է հերքում տարածված տեղեկատվությունը: Բայց պետք չէ բացառել իհարկե, որ Քեյդենաուն իսկապես չի ասել այդպիսի բան: Հետեւաբար Ենի Մուսավաթը պարզապես ներքին օգտագործման համար է տարածել այդպիսի տեղեկատվություն, Ադրբեջանի իշխանության հետ իր հաշիվները պարզելու համար: Բայց արդյոք Ենի Մուսավաթում այդքան միամիտ են եւ չեն գիտակցում, որ այդօրինակ ձեւերով Ադրբեջանի իշխանության հետ թերեւս չեն կարող հարց լուծել, առավել եւս երբ տեսնում են, թե օրինակ նույն Միացյալ Նահանգները ինչպիսի լռությամբ է հանդուրժում այն ամենը, ինչը որ Ադրբեջանի ղեկավարությունը կիրառում է իր երկրի ընդդիմության հետ հարցերը լուծելիս: Հետեւաբար, կամ Ենի Մուսավաթում անուղղելի ռոմանտիկներ են, կամ կուսակցության տարածած տեղեկատվությունն իսկապես համապատասխանում է իրականությանը, պարզապես իրատեսականությունից ելնելով հասկանալի է, որ դա չէր կարող ունենալ ԱՄՆ պաշտոնական հաստատումը:

No comments: