Wednesday, November 4, 2009

ՄԱԿ-ում քննարկվել է ինքնորոշման իրավունքի հարցը

Panorama.am-4-11-2009- Նյու Յորքում շարունակվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի 64-րդ նստաշրջանը: Ինչպես հայտնի դարձավ Panorama.am-ին, օրերս ՄԱԿ-ի Երրորդ կոմիտեն քննարկումներ է անցկացրել «ինքնորոշման իրավունք» օրակարգային թեմայի շուրջ, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել մոտ 50 երկրների պատվիրակություններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչը վերահաստատում է միջազգային իրավունքի այս կարևոր սկզբունքի այժմեականությունը և կարևորությունը: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ այս տարի քննարկումները կրել են սովորականից ավելի թեժ բնույթ, որոնց արդյունքում մի քանի անգամ պատասխան ելույթներ են հնչեցրել Ռուսաստանն ու Վրաստանը, Հնդկաստանն ու Պակիստանը, Հայաստանը և Ադրբեջանը, Իրանը, Սիրիան, Պաղեստինը և Իսրայելը: Ինչպես և կարելի էր ակնկալել, քննարկման շրջանակներում ելույթ ունենալով, Ադրբեջանի պատվիրակությունը վերստին փորձել է վերադասել տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի մյուս սկզբունքներից: ՀՀ ներկայացուցիչն էլ, իր հերթին անդրադառնալով մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից մեկի` ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացմանն, այդ կապակցությամբ կարևորել է միջազգային նորմերին համապատասխան ԼՂ ժողովրդի կատարած ընտրությունը: Հայաստանը նշել է, որ 21-րդ դարում քաղաքական կամքը գերակշռող պետք է լինի ինքնորոշման իրականացման հետ կապված խնդիրները լուծելու համար` հակառակ դեպքում, այդ իրավունքի ոտնահարումը, հանգեցնում է ողբերգական հետևանքների: Ադրբեջանը փորձել է հակադարձել Հայաստանի ներկայացուցչին: Ի պատասխան Հայաստանի ներկայացուցիչը նշել է, որ տարածաշրջանի ներկայիս իրավիճակն արդյունք է Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂ խաղաղ հայ բնակչության դեմ իրականացված էթնիկ զտումների, զանգվածային սպանությունների և, ի վերջո` ռազմական ագրեսիայի ու պատերազմի: Նա վերահաստատել է Հայաստանի համոզմունքն առ այն, որ միայն համապարփակ համաձայնությունը կարող է ապահովել կայուն և երկարատև խաղաղություն տարածաշրջանում:

No comments: