Friday, November 13, 2009

Աչքով տեսածը. իրավապաշտպանն առաջարկում է օրենք սովորեցնել ոստիկաններին

Tert.am 13.11.2009 - Այսօր Երևանի «Կոնգրես» հյուրանոցում ներկայացվեց «Խաղաղ հավաքների ազատության մոնիթորինգ Հայաստանում» զեկույցը, որն իրականացվել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից: Զեկույցի քննարկմանը մասնակցում էին նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն, ԺՀՄԻԳ մարդու իրավունքների բաժնի փոխտնօրեն Ասյա Իվանթչևան և փորձագետներ ԵԽ-ից ու Հայաստանից: Փորձագետները, խոսելով խաղաղ հավաքների անհրաժեշտության մասին, շատ մեղմ են արտահայտվել այդ հավաքների ժամանակ տեղի ունեցող բռնությունների և դրանք խոչընդոտելու վերաբերյալ։ Նրանք ավելի շատ խոսեցին հավաքների մասին համապատասխան օրենքների բարելավման և դրանց կատարելագործման անհրաժեշտության մասին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետ Նիլ Ջարմանն ասաց, որ թեև մեծ աշխատանք է կատարվել դեռևս 2004թ-ից, որպեսզի բարելավվի հավաքների ազատության մասին օրենքը և այն համապատասխանեցվի միջազգային չափանիշներին, սակայն, վերջինիս խոսքով, օրենքն այնքանով է լավ թղթի վրա, որքան լավ կիրառվում է: Ելույթներից հետո Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ներակայացրեց զեկույցը: Նա նշեց, որ զեկույցոում ներկայացված դիտարկումներն իրականացվել են 2008թ. սեպտեմբերի 26-ից մինչև 2009թ. հունիսի 30-ը: Զեկույցում նշված է, որ հավաքների մեջ գերակշռողը եղել են քաղաքական բնույթի հավաքները, որոնց ժամանակ դիտարկվել են նաև ոստիկանների կողմից իրականացվող ոչ իրավաչափ գործողություններ՝ քաշքշոց, բերման ենթարկում, բռնի ուժի գործադրում և այլն։ Դիտարկվել է նաև այն փաստը, որ ոստիկանները 46 հավաքների դեպքում եղել են բավական լավ զինված: Զեկույցում նաև նշված է, որ ընդդիմության կողմից իրականացվող ցանկացած հավաքի դեպքում արհեստական սահմանափակումներ են իրականացվել հավաքն անցկացնողների նկատմամբ: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև հայտնի «7-ի գործին», քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ձերբակալությանը և այլն: Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով ոստիկանների պահվածքին հավաքների ժամանակ, նշեց, որ նրանք հաճախ օրենքներից տեղյակ չեն լինում, ուստի իրենք առաջարկում են, որպեսզի ոստիկանների հետ հատուկ դասընթացներ անցկացվեն օրենքի դրույթների վերաբերյալ: Բանախոսը նաև նշել է, որ իրենք զեկույցում ներառել են այն, ինչ իրենց աչքով են տեսել:

No comments: