Friday, November 13, 2009

Ադրբեջանի իշխանությունները ահաբեկչություն են նախապատրաստում

Panorama.am 13.11.2009 - Ադրբեջանի իշխանությունները դեկտեմբերի 23-ին տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների հետ կապված սարսափելի ծրագիր ունեն, հայտնել է «Մուսավաթը»` նշելով, որ իշխանությունների խայտառակ քայլերն ուղղված են առաջատար ընդդիմությանը բեմահարթակից հեռացնելուն, և, որ հնարավոր է, ընդդիմությունը բոյկոտի դեկտեմբերյան ընտրությունները: Իշխանական շրջանակներին մոտ կանգնած քաղաքական մեկնաբաններից մեկը թերթին ասել է, որ Ադրբեջանի իշխանությունները ամեն խայտառակ միջոցի դիմում են, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմիններում իրենց ձեռքում պահեն վերահսկողությունը: Սակայն, դա խնդրի միայն արտաքին կողմն է: Իշխանությունների իսկական նպատակը 2010 -ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների ճանապարհը ընդդիմությունից մաքրելն է: Այդ մասին արդեն լուրեր են ստացվում շրջաններից, ուր ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ անչափ շատ ճնշումներ են իրականացվում, ինչն էլ խոսում է այն մասին, որ իշխանությունները չեն խուսափելու բռնություններից: Մեկնաբանի խոսքերով, ամենաբարձր շրջանակներում քաղաքապետական ընտրություններին նախապատրաստվելու ընթացքի հետ կապված քննարկումներ են կատարվում, ինչից կարելի ենթադրել, որ իշխանությունները լրջորեն են պատրաստվում տեղական ընտրություններին: Աղբյուրը հայտնել է, որ նախագահի ադմինիստրացիայի, խորհրդարանի, կառավարող «Ենի Ազերբաջան» կուսակցության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և մյուս պետական կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ հրահանգվել է հատկապես շրջաններում ընտրությանը մասնակցելու որևէ հնարավորություն չտալ ընդդիմությանը: «Բացահայտ կերպով ասվել է, որ ընդդիմության թեկնածուներին պետք է հնարավոր բոլոր ճանապարհներով ճնշել, ստիպել հետ վերցնել թեկնածությունը, ստիպել կուսակցությունից դուրս գալու դիմում գրել, նույնիսկ պաշտոններ կամ կաշառք առաջարկել: Այդ հրանագի կատարման պատասխանատվությունը դրվել է յուրաքանչյուր շրջանի ղեկավարի վրա: Այդ ծրագրի իրագործման համար հանձնարարություններ են տրվել նաև տեղական իրավապահ, գործադիր իշխանության մարմիններին` սպառնալով, որ հրահանգը չկատարելու կամ ծրագիրը տապալելու դեպքում վերջիններս կպատժվեն ամենախիստ ձևով», -հայտնել է աղբյուրը: Ադրբեջանի ընդդիմադիր «Ումիդ» կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ եթե ամեն ինչ այսպես շարունակվի, իրենք կհրաժարվեն ՏԻՄ ընտրություններին մասնակցել: Ընդհանուր առմամբ, ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել Ադրբեջանի 22 քաղաքական կուսակցություններ, կան նաև այլ քաղաքական կազմակերպություններ: Դեկտեմբերի 23-ի ընտրություններում 1718 տեղական ինքնակառավարման մարմիններում 15 հազար 682 անդամներ պետք է ընտրվեն: Ընտրական արշավը դեռ չթեժացած` իշխանություններն արդեն մեծ թվով կոպիտ օրինախախտումներ են թույլ տվել: Դրանք կապված են առաջատար ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուների նկատմամբ գործադրվող ճնշումների հետ: Ադրբեջանի ամբողջ տարածքում իշխանություններն աշխատում են լուրջ խնդիրներ ստեղծել ընդդիմադիր թեկնածուների համար: Նրանք անգամ ձերբակալությամբ են սպառնում այն մարդկանց, ովքեր ստորագրում են այս կամ այն ընդդիմադիր թեկնածուի թեկնածության համար ստորագրահավաքի ցուցակում: Օրինակ, իշխանությունները Թառթառի շրջանում Ղուրան են տարածել և, ի հարգանք այդ սուրբ գրքի, ընդդիմադիրներին խնդրել են հանել թեկնածությունը: Նման երևույթներ են տեղի ունենանում նաև Բեյլագանի, Սաբիրաբադի, Զաքաթալայի, Իսմայիլլիի եւ Դեվեչիի շրջաններում: Հարց է ծագում, թե ինչու են իշխանություններն այդքան վախենում ընտրություններից եւ հատկապես ինչն է վախեցնում նրանց: Մեկնաբանի կարծիքով, կառավարող «Ենի Ազերբաջան» կուսակցությունը գիտի, որ կպարտվի արդար ընտրություններում: Բացի այդ, իշխանությունները ցանկանում են հրապարակից դուրս թողնել իրական ընդդիմությանը և ձեռքում պահել խաղալիք ընդդիմություն, ինչը նրանց շատ պետք է 2010 թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Մի խոսքով, ըստ թերթի, պետությունը երկրի ամբողջ տարածքով մեկ ՏԻՄ ահաբեկչություն է սկսել: Վերջին տեղեկությունն այն է, որ առաջատար ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ այդ ահաբեկչությունը չդադարեցվելու դեպքում կբոյկոտեն ընտրությունները: Ընդդիմությունն արդեն իսկ բացահայտել է իշխանությունների 2010 թ. զզվելի ծրագրի մանրամասները, հայտնում է «Մուսավաթը»:

No comments: