Thursday, November 12, 2009

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ. ԼՂ հիմնախնդիրը զինված ճանապարհով լուծելու Բաքվի արկածախնդրությունն էր, որ հանգեցրեց ծանր հետևանքների

News.am. 12-11-2009- Նոյեմբերի 11-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) անցկացվել են քննարկումներ` «Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը զինված հակամարտություններում» թեմայով, որոնք նվիրված էին ԱԽ-ի կողմից այս կարևորագույն թեմային առաջին անգամ անդրադառնալու տասնամյակին: Միջոցառումը նախագահելու նպատակով Նյու Յորք էր ժամանել Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Շպինդելեգերը: ԱԽ-ի նիստում ելույթներ են ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, Մարդասիրական հարցերով ԳՔ տեղակալ Ջոն Հոլմսը, ինչպես նաև ԱԽ բոլոր տասնհինգ անդամները: Քննարկումները շարունակվել են մինչև ուշ երեկո, որին մասնակցել և ելույթ են ունեցել նաև ՄԱԿ-ի 47 անդամ պետությունների ներկայացուցիչները, դրանց շարքում Շվեդիան` ԵՄ անունից, Նորվեգիան, Շվեյցարիան, Բրազիլիան, Արգենտինան, Կանադան, Գերմանիան, Եգիպտոսը, Իսրայելը, Հնդկաստանը, Աֆղանստանը, Հարավային Աֆրիկան, Տանզանիան, Սիրիան, Պաղեստինը, Իրանը, Հայաստանը, Հարավային Կորեան, Վրաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը և այլն: Ադրբեջանի դեսպան Մեհդիեւն իր ելույթում ներկայացրել է Խոջալուի դեպքերի ադրբեջանական մեկնաբանությունը: Նրա հայտարարություններին հետևել է ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանի ելույթը, ով, մասնավորապես՝ նշել է, որ քննարկումներին իր մասնակցությունը պայմանավորված է ԼՂ հակամարտությանը նախորդած շրջանում Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ծրագրավորված էթնիկ զտումները և սպանություններն ի հայտ բերելու անհրաժեշտությամբ: Դեսպան Նազարյանը հակադարձել է Խոջալուի մասին ԱԽ-ում արված ադրբեջանական հայտարարությունը՝ նշելով, որ համաձայն այդ տարիների Ադրբեջանի նախագահ Մութալիբովի, Խոջալուն կազմակերպել էր ադրբեջանական ընդդիմությունը, որի նպատակն էր իր իսկ բնակչության սպանության ողջ ծանրությունը գցել Բաքվի իշխանություններ վրա ու կազմակերպել հեղաշրջում: Հայաստանի դեսպանը մեղադրել է Ադրբեջանին հումանիտար և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման հարցում ու նշել, որ ԼՂ հիմնախնդիրը զինված հակամարտության ճանապարհով լուծելու Բաքվի արկածախնդրությունը հանգեցրեց անկանխատեսելի ու ծանր հետևանքների, և միայն Հայաստանի միջամտությամբ հնարավոր եղավ կասեցնել իրենց հայրենիքում արցախահայերի բնաջնջումը և առհասարակ ադրբեջանական ագրեսիան: Ի թիվս այլ ելույթ ունեցողների, Հայաստանը նույնպես կարևորել է ՄԱԿ-ի ԱԽ-ի դերը՝ ամրապնդելու համար օրենքի գերակայությունը, միջազգային իրավունքի և քրեական արդարադատության մեխանիզմների իրականացումը քաղաքացիական բնակչության պաշտպանության հարցերում:

No comments: