News.am. 12-11-2009- «Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար մենք հստակ մշակված ռազմավարություն չունենք, ավելին՝ խնդրին առնչվող հարցերը քննարկվում են զուտ զգացմունքային դաշտում»,- նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երեւանի նախկին քաղաքապետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Նշելով, որ Թուրքիան ակնհայտորեն շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների լավացման հարցում՝ նա, սակայն, ընդգծեց, թե չէր ցանկանա, որ այդ երկիրը մեզ տեսներ եւ ճանաչեր այնքան «թափթփված եւ անկանոն», որքան կանք իրականում։ «Հայաստանը պատրաստվում է հարաբերություններ հաստատել Թուրքիայի պես հզոր տնտեսություն ունեցող երկրի հետ, բայց մեր իշխանությունները դրան գնում են առանց համապատասխան ռազմավարություն մշակելու եւ օրենսդրությունը ամրապնդելու, իսկ Թուրքիայի հետ այդ պարագայում գործ ունենալն, անկասկած, բարդ է լինելու»,- հայտարարեց նա։ Նախկին քաղաքապետը նաեւ նշեց, որ Թուրքիան հիանալի տիրապետում է հայաստանյան տնտեսական դաշտին եւ լավ գիտի դրա կոռումպացվածության մասին, ինչն էլ, տրվելիք կաշառքների միջոցով, զգալիորեն կհեշտացնի թուրք բիզնեսմենների մուտքը հայկական տնտեսություն։
Անդրադառնալով նրան, որ վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ շուրջ 50 մլն դոլարի ապրանքաշրջանառություն է իրականացվել, Վ. Խաչատրյանը նկատեց, որ, ըստ կանխատեսումների, երկու երկրների միջեւ սահմանի բացումից հետո այդ թիվը կարող է հատել 400 մլն դոլարի սահմանը։ «Այդ դեպքում Ռուսաստանից եւ Եվրամիության երկրներից հետո Թուրքիան տնտեսության ոլորտում Հայաստանի համար կդառնա երրորդ կամ չորրորդ գործընկեր երկիրը»,- նկատեց նա՝ ավելացնելով. «Բայց թե ո՞վ կշահի դրանից՝ ժողովո՞ւրդը, թե՞ օլիգոպոլիաները, հարց է»։
Thursday, November 12, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment