«ՀԵՏՔ» 12-11-2009- Բեռլինի Ազատ համալսարանի դասախոս Ժիրայր Քոչարյանը հոկտեմբերի 21-ին «Ուրբաթ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրել էր համալսարանի հնդեվրոպական եւ համեմատական լեզվաբանության հայկական բաժնի փակվելու մասին: Այս հայտարարությանն ի պատասխան` «Ազգ» օրաթերթի հոկտեմբերի 23-ի համարում տպագրվել էր Սփյուռքի նախարարության արձագանքը, որով մասնավորապես տեղեկացվել է. «Ժամանակին Սփյուռքի նախարարությունում խնդիրը քննարկվել է Ժիրայր Քոչարյանի հետ, եւ հարցը ներկայացվել է ՀՀ նախագահին: Նրա հանձնարարությամբ 2010 թ. պետբյուջեի նախագծի ՀՀ կրթության եւ գիտության հատվածում նախատեսված է 7 մլն 769 հազար դրամ` Բեռլինի Ազատ համալսարանի հայագիտության ամբիոնին հատկացնելու համար: Բյուջեի նախագիծն այժմ գտվում է ԱԺ-ում, եւ չենք կասկածում, որ կհաստատվի, եւ համապատասխան գումարը կտրամադրվի համալսարանին»:
Սփյուռքի նախարարությունը հավելել է նաեւ, որ, ըստ երեւույթին, մտահոգությունն արտահայտելու ժամանակ պարոն Քոչարյանը տեղեկացված չի եղել հարցի լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերի եւ սպասվող արդյունքների վերաբերյալ:
Ի պատասխան այս հրապարակման` հայագիտության բաժնի դոցենտ Ժիրայր Քոչարյանը «Հետքին» հայտնեց, որ նախարարի հետ ոչ մի քննարկում էլ չի եղել այդ թեմայով: 2008 թ. հոկտեմբերի 16-ին Բեռլինի Ազատ համալսարանի (ԲԱՀ) հնդեվրոպական եւ համեմատական լեզվաբանության հայկական բաժնի փակվելու մասին գրավոր տեղեկացրել է Սփյուռքի նախարարին եւ այդ օրից ոչ մի պատասխան չի ստացել տկն Հրանուշ Հակոբյանից:
«Պատասխան չեմ ստացել նաեւ մյուսներից, ում դիմել էի այդ հարցով, ըստ երեւույթին, դեռեւս դիմումատուներին պատասխանելու մշակույթ չի արմատավորվել մեր հասարակության մեջ: Այս տարվա գարնանը, երբ Երեւանում էի, այդ հարցով դիմեցի նաեւ երմանիայում Հայաստանի նախկին դեսպան Կարինե Ղազինյանին, որը արտգործնախարարի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում ներկայումս, քանի որ նա հարցին տեղյակ էր դեռեւս երմանիայից: Տկն Կ. Ղազինյանը եւ դեսպանատան աշխատակից Աշոտ Սմբատյանը ինձ տեղեկացրին, որ իմ փոխարեն շուտով Հայաստանից մի դասախոս է ուղարկվելու: Այդ մասին, ինչպես նաեւ ՀՀ Կառավարության 2010 թ. բյուջեից գումար հատկացնելու նորություններին Բեռլինի Ազատ համալսարանի գիտական խուրհուրդը եւ արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարը տեղյակ չէին:
Տեղեկացնեմ նաեւ, որ հայագիտության բաժնի պահպանման տարեկան ծախսը կազմում է 48.000 եվրո, որից 24.000 եվրոն խոստացել էր հատկացնել Ազատ համալսարանը, մյուս 24 հազարը պետք է հատկացներ հայկական կողմը: Կառավարության 2010 թ. բյուջեում նախատեսված 7 մլն 769 հազար դրամը հազիվ 24.000 եվրոյի կեսն է կազմում, որով հնարավոր չէ հիմնել նախատեսված հայագիտության ամբիոնը:
Իսկ ներկայիս իրավիճակն այն է, որ արդեն մեկ տարի աշխատում եմ անվճար եւ խոստացել եմ շարունակել անվճար դասավանդել մինչեւ 2010 թ.-ի հուլիսի վերջը, որից հետո, ըստ Ազատ համալսարանի ղեկավարության կողմից դասախոսներին ուղղված 15.09.2009 թ. շրջաբերականի, հայագիտության բաժինն ընդմիշտ փակվելու է: Տկն նախարարը, թերեւս, ինքն է անտեղյակ այս իրողությանը, այդ իսկ պատճառով նրա ձեռնարկած միջոցառումները ուշացած են»,-ասաց Ժիրայր Քոչարյանը:
Ի դեպ, Ազատ համալսարանի գիտխորհրդի անդամ Թեսսա Հոֆմանի տեղեկացմամբ, Բեռլինում գործող երեք համալսարաններում վերջին տարիներին կրճատումներ են կատարվում` նպատակ ունենալով խնայված գումարներով զարգացնել Արեւելյան Գերմանիայի նորակազմ երկրատարածքների համալսարանները:
Արդեն մի քանի տարի է, ինչ ԲԱՀ-ի հնդեվրոպական եւ համեմատական լեզվաբանության ինստիտուտի հայկական բաժինը մաս է կազմում այդ խնայողության: Հայկական բաժնի դասախոսները չեն վճարվում, նոր գրքեր ձեռք չեն բերվում:
Աշխարհաբարի եւ գրաբարի դոցենտ, դոկտոր Ժիրայր Քոչարյանն անվճար շարունակել է դասախոսել եւ սեփական նախաձեռնությամբ գնել է անհրաժեշտ գրքերը, որպեսզի հայագիտության ավանդույթը Բեռլինի պետական համալսարանում չընդհատվի: Ավելին, հոգ է տարել պահպանելու հայագիտական գրադարանը եւ մամուլի հարուստ հավաքածուն` հույսով, որ շուտով օգնության են հասնելու հայկական կազմակերպություններ եւ անհատ անձինք:
Այնուամենայնիվ, նրա այդ նախաձեռնությունը հայկական բաժնի փակման վտանգը չի կանխում: Այն կանխելու համար դոկտոր Ժիրայր Քոչարյանը խորհրդակցել է դոկտոր-պրոֆեսոր Միխայել Մայեր-Բրուգերի հետ, իսկ նա էլ գիտական միավորման խորհրդում արծարծել է հայագիտության հարցը:
Խորհուրդը հայտնել է իր համաձայնությունը` հիմնելու հայագիտական ամբիոն` սկզբնական տարիներին 48.000 եվրո բյուջեով, որից տարեկան 24.000 եվրոն հանձն է առնում ԲԱՀ-ը, եթե մյուս կեսը` 24.000 եվրոն, հանձն առնի հայկական կողմը:
Այսպիսի համաձայնություններ կան Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ` սինոլոգիայի, Հունաստանի հետ` բյուզանդագիտության ամբիոնը պահպանելու համար եւ այլն:
ԲԱՀ-ը պատրաստ է անելու հնարավորը, որպեսզի պրոֆեսոր Ժոզեֆ Մարքուարդթի 1921 թ.-ին Բեռլինում հիմնադրած հայագիտական ամբիոնը պահպանվի եւ հայագիտության ավանդույթը շարունակվի:
Սառա Պետրոսյան
Thursday, November 12, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment