«Ազատություն» 18-11-2009- Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններում Թուրքիայի նպատակն է ընդհանուր սահմանի երկկողմանի ճանաչումը՝ խորհրդարանում, պետբյուջեի շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
«Արձանագրությունները հստակորեն որոշում են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող սահմանները, եւ այդ փաստաթղթերում Թուրքիայի շահերին հակասող որեւէ դրույթ չկա», - ըստ «Անադոլու» գործակալության` ընդգծել է թուրք արտգործնախարարը։
«Պաշտոնական Անկարան հսկայական կարեւորություն է տալիս Ադրբեջանի տարածքների պաշտպանությանը», - հավաստիացրել է Ահմեդ Դավութօղլուն եւ հերթական անգամ հիշատակել. - «Ադրբեջանը կորցրել է իր տարածքների 20 տոկոսը։ Այս ստատուս-քվոն չի փոխվել վերջին 17 տարիների ընթացքում, եւ եթե մենք եւս 10 տարի չփորձենք փոխել գոյություն ունեցող իրավիճակը, այն կդառնա մշտական»։
Ընդգծելով, որ Թուրքիայի վերջնական նպատակն է փոխել տարածաշրջանում հաստատված դրությունը՝ դիվանագիտական ճանապարհով, Դավութօղլուն ասել է. - «Հայ - թուրքական արձանագրություններով մենք կարող ենք ոչ միայն կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, այլեւ խաղաղ մթնոլորտ ստեղծել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ինչը կարող է ճանապարհ հարթել՝ ադրբեջանական տարածքները ազատագրելու համար»։
Անդրադառնալով քննադատություններին, թե Թուրքիան փոխել է արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, Դավութօղլուն հայտարարել է. - «Թուրքիան միաբեւեռ երկիր չէ, մեր աշխարհագրությունը մեզ նման բան թույլ չի տալիս, եւ մենք մշտապես կհետաքրքրվենք այն ամենով, ինչ զարգանում է մեր շուրջը. սա ոչ թե ընտրություն է, այլ անհրաժեշտություն»։
«Մենք տանուլ կտանք, եթե քայլեր չձեռնարկենք արտաքին քաղաքականության ոլորտում», - Թուրքիայի խորհրդարանում վստահեցրել է Ահմեդ Դավութօղլուն։
Thursday, November 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment