Sunday, November 27, 2011

Արա Գոչունյան. Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի ակտիվացման է պատրաստվում

News.am. 27-11-2011- Թուրքիան աստիճանաբար հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման է պատրաստվում: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը` մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այն հայտարարությունը, թե «դժվար խնդիրները մեկ քայլով չեն լուծվում»:
«Այդ խոսքերում ոչ մի անսպասելի բան չկար: Եթե նախագահն ասում է, որ խնդիրները մեկ քայլով չեն լուծվում, նշանակում է, նա մի քանի քայլ նկատի ունի»,-նշեց զրուցակիցը` ավելացնելով, որ որոշակի կապ կա Գյուլի եւ վարչապետ Էրդողանի` 1937-88 թթ. Դերսիմի իրադարձությունների համար ներողություն խնդրելու մասին հայտարության միջեւ: «Ուղղակի կապի մասին խոսել պետք չէ, սակայն դրանք իրարից էլ չի կարելի առանձնացնել: Էրդողանի խոսքերից հետո թուրքական մամուլն առանց դադարի խոսում եւ քննարկում է, թե այդ հայտարարությունն ինչպես է անդրադառնալու Հայկական հարցի վրա»,-նկատեց խմբագիրը:
Արա Գոչունյանի խոսքով` Էրդողանի հայտարարությունը բավականին համարձակ էր. «Թուրքիան աստիճանաբար հանրության առջեւ բացում է իր պատմության սեւ էջերը: Վարչապետի հայտարարությունը միանշանակ չընդունվեց, այդ թվում` նրա համախոհների շրջանում: Սակայն նա քաղաքական արիություն դրսեւորեց եւ ներողություն խնդրեց: Առայժմ ոչ մի նախադրյալ չկա կարծելու, որ նման մոտեցումը կարող է կիրառվել Հայկական հարցի դեպքում, սակայն, ընդհանուր առմամբ, դրական միտումներ են ուրվագծվում»,- նկատեց Գոչունյանը:
Նշենք, որ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, թե եթե պետք լինի, Դերսիմի կոտորածների համար ինքը պետության անունից ներողություն կխնդրի եւ խնդրում է։ Նա Դերսիմի կոտորածների համար մեղադրել էր «Ժողովրդա-հանրապետական»-ին՝ պնդելով, որ այն ժամանակ այդ կուսակցությունն է եղել իշխանության։
Հիշեցնենք, որ Դերսիմի ապսամբությունը թուրքական իշխանությունները արյան մեջ են խեղդել՝ վերացնելով հազարավոր գյուղեր։ Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ Դերսիմի կոտորածներին զոհ է գնացել մինչեւ 100 հազար հոգի։
1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկված, եւ Դերսիմի տարբեր գյուղերում պատսպարված հազարավոր հայերը 1938-ին կրկնակի ցեղասպանության ենթարկվեցին։
Իր հերթին Թուրքիայի նախագահ Գյուլը Լոնդոնում պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հարցին, ասել էր. «Հարաբերություններն այնքան են սառած, որ մեկ անգամ փչելով չեն հալվի»: Միժամանակ նա ավելացրել էր, որ հայ-թուրքական արձանագրությունները չի կարելի ամբողջությամբ մահացած համարել:

No comments: